24Դկտ
2017
0
matchgirl

Աղջիկը և լուցկիները. հեքիաթ վերածնունդի մասին

«Աղջիկը և լուցկիները» հեքիաթը Հանս Քրիստիան Անդերսենի ամենատխուր պատմություններից է: Նա այն գրել է 1845 թվականին Յոհան Լյունդբյուի մի փորագրության հիման վրա, որտեղ պատկերված էր լուցկիներ վաճառող մի աղջիկ:

Ովքեր ծանոթ են հեքիաթին, կհամաձայնեն,որ այն կարդալիս շատ տխուր , թախծոտ հույզեր են առաջանում: Թեև հեքիաթը շատ գեղեցիկ է գրված, բայց այստեղ չկա հեքիաթների ավարտին բնորոշ լավատեսությունը: Նաև համաձայնեք,որ այն այդքան էլ հարմար չէ փոքրիկ երեխաներին ընթերցելու համար:

Չնայած այս ամենին, հեքիաթն իսկապես գեղեցիկ է և թաքնված իմաստ և խորհուրդ ունի:

Ինչպես Վասիլիսան, այնպես էլ Լուցկիներով աղջիկը հեքիաթ է կանացի հոգու մասին: Եվ հեքիաթի բոլոր հերոսները կնոջ տարբեր կողմերն են արտահայտում:

Պատկերացրեք, աղջիկը մեր ներսում ապրող ստեղծարար ուժն է: Հեքիաթում նկարագրվում է որ աղջիկը միայնակ է, մրսում է, սոված է և հուսահատված: Եթե սա թարգմանենք հոգեբանության լեզվով , ապա կստացվի, որ կնոջ ներսում ապրող ստեղծարար ուժը հայտնվել  է բարդ դրության մեջ, այն օգնության կարիք ունի, բայց միայնակ է: Աղջիկը նաև ոտաբոբիկ է: Սա էլ պատահական չէ: Չէ՞ որ ոտքերը առաջ շարժվելու, ազատության խորհրդանիշն են: Իսկ կոշիկները այդ ամենի պաշտպաններն են: Կոշիկների բացակայությունը ենթադրում է,որ աղջկա՝ առաջ գնալու ,գործելու ունակությունը վտանգված է: Այսպես աղջիկն անցնում է որոշակի ճանապարհով հեքիաթում. նա սկսում է վառել լուցկիները և տեսնել զարմանալի պատկերներ՝ մեծ երկաթե վառարան, գեղեցիկ սեղան՝լի համեղ ուտելիքներով և վերջում հրաշալի տոնածառը:Այս բոլոր պատկեր-տեսիլքները ևս թաքնված նշանակություն ունեն: Միգուցե վառարանը մեր ներսի ջերմությունն է,ջերմացնող մտքերը և հուշերը: Ուտելիքներով սեղանը՝ ներքին սնունդի պահանջը: Չ՞է որ յուրաքանչյուրս հոգևոր սնունդի կարիք ենք ունենում առաջ գնալու համար:  

Իսկ հեքիաթի ավարտին աղջիկը մահանում է Նոր տարվա գիշերը: Տխուր ավարտ է: Սակայն ամեն ինչ հեքիաթներում այդքան էլ պարզ չէ: Այն ,ինչ գրված է ,ունի նաև թաքնված խորհուրդ: Պատահական չէ,որ աղջիկը մահանում է Նոր տարվա գիշերը, քանի որ Նոր տարին, տոնածառը խորհրդանշում են վերածնունդ,անմահություն, նոր կյանքի սկիզբ: Եվ զարմանալիորեն հեքիաթը ցույց է տալիս,որ ինչ էլ պատահի, ինչքան էլ ծանր չլինի, որքան էլ մեզ սպառված զգանք,մենք միշտ հնարավորություն ունենք փոխվելու և վերածնվելու:

Փորձեք կարդալ այս հեքիաթը փոքր-ինչ այլ աչքերով 🙂 

 

«Աղջիկը և լուցկիները»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

 Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: 

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…