02Դկտ
2019
0
superhero

Ապահովության Սուպերհերոսը

Բոլորը կհամաձայնեն,որ երեխաների առողջությունը և անվտանգությունը ամենակարևոր բաներն են: Եվ հատկապես ,երբ դառնում ես ծնող, երեխայի անվտանգության համար անհանգստությունները կարող են շատ սրվել:

Ցավոք, մենք ի զորու չենք ամեն բան կանխատեսել և մենք չենք կարող ամեն բանից պաշտպանել երեխային:

Սակայն կան որոշակի կանոններ,որոնք մենք պարտավոր ենք քննարկել երեխայի հետ իր ինքնուրույնությունը և ինքնապաշտպանությունը խթանելու համար:

Երբ երեխան 3.5-4 տարեկան է, կարելի է զրուցել նրա հետ ապահովության և անվտանգության մասին: Իսկ զրույցը բարդ չդարձնելու համար կարելի է կիրառել շատ պարզ մի հնար՝ Ապահովությանը կամ Անվտանգությանը  միս ու արյուն տալ 🙂  այսինքն ստեղծել կերպար: Օրինակ, կարելի է երեխաների հետ խոսել Ապահովության սուպերհերոսի մասին:

Զրույցը մոտավոր կարելի է այսպես սկսել.

-Դու ամենակարևոր մարդն ես մեզ համար: Մենք ուզում ենք ամեն բան անել,որ քեզ պաշտպանենք: Դու միշտ կարող ես մեզ հետ խոսել,երբ տխուր ես, զայրացած ես, երբ նեղված ես կամ ամաչում ես: Մենք քեզ միշտ սիրում ենք,նույնիսկ ,երբ  բարկացած ենք քեզ վրա :

Բայց կարևոր է,որ դու մեզ օգնես քո մասին հոգ տանել: Կարևոր է,որ դու դառնաս ապահովության սուպերհերոսը:

Ապահովության սուպերհերոսը գիտի.

  • Իր անունը/ազգանունը
  •  Ծնողների անունը/ազգանունը
  • Տան հասցեն
  • Սուպերհերոսը գիտի,որ խաղահրապարակից մենակ չի կարող հեռանալ
  • Սուպերհերոսը գիտի,որ մանկապարտեզից չի կարող մենակ դուրս գալ: Նաև չի կարող գնալ, երբ մի օտար,անծանոթ մարդ է ուզում իրեն տանել: Կամ նույնիսկ,երբ ծանոթ է, բայց մայրիկն ու հայրիկը նախապես չեն զգուշացրել դրա մասին:
  • Սուպերհերոսը գիտի վերելակ մտնելու և վերելակից դուրս գալու կանոնի մասին/ առաջինը վերելակ մտնում է մեծահասակը, իսկ առաջինը դուրս է գալիս երեխան
  • Սուպերհերոսը գիտի՝ ինչ անել,եթե հանկարծ կորի / տեղում մնալ, չփախչել, իսկ մարդաշատ տեղերի համար կարելի է ապարանջան կախել երեխայի ձեռքից,որի վրա նշված են ծնողների անունները և հեռախոսահամարը/
  • Սուպերհերոսը հոգ է տանում իր Տան մասին և ոչ մի դեպքում չի բացում դուռը օտարներին, նույնիսկ եթե օտարականը ներկայանում է որպես բարի փերի կամ ձմեռ պապ:
  • Սուպերհերոսը ուրիշներից ոչինչ չի վերցնում,նույնիսկ եթե իրեն հյուրասիրում են: Միայն մայրիկի կամ հայրիկի թույլտվությամբ դա կարող է անել:
  • Սուպերհերոսը գիտի իր մարմնի մասին և գիտի լավ ու վատ հպումների մասին: Վատ հպումների դեպքում նա պատմում է իր ծնողներին:
  • Սուպերհերոսը գիտի,որ ուրիշի իրը վերցնելիս պետք է թույլտվություն հարցնել:
  • Սուպերհերոսը ուտելուց առաջ և դրսից տուն վերադառնալուց հետո  լվանում է ձեռքերը:
  • Սուպերհերոսը գլխարկ է դնում ամռանը
  • Սուպերհերոսը գիտի,որ շոգ եղանակին պետք է շատ ջուր խմել
  • Սուպերհերոսը գիտի,երբ հիվանդ է,պետք է հանգիստ լինել և շատ ջուր խմել:

Այս վերջին կետերը հարկավոր են նախորդ կետերի լարվածությունը թուլացնելու համար: