14Օգս
2018
0
school

Առաջին անգամ դպրոց

Դպրոցական կյանքի սկիզբը կարևոր փուլ է երեխայի և ծոնղների կյանքում: Դա երեխայի համար և՛ ոգևորող կարող է լինել, և՛ վախեցնող:

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ անել,որպեսզի երեխայի մուտքը կյանքի նոր փուլ ընթանա համեմատաբար հանգիստ և քիչ սթրեսային:

Եվ այսպես, մի քանի խորհուրդներ ծնողների համար, ում բալիկները սեպտեմբերին առաջին անգամ գնալու են դպրոց.

1.Զրուցեք դպրոցի մասին

Սա պարզ կարող է թվալ,բայց զրույցները երեխային ապահովության զգացում են տալիս:Կարող եք քննարկել,թե ինչ են անում դպրոցում, ինչպես է անցնում այնտեղ օրը՝ ինչպես է սկսվում, ինչպես է ավարտվում, ինչ պետք է անեք դուք երեխայի հետ միասին դպրոցին նախապատրաստվելու համար և այլն:Կարդացեք գրքեր դպրոցի մասին :

2.Գնացեք միասին գնումների

Միասին գնացեք գնումների դպրոցական պարագաներ, հագուստ առնելու համար: Դրանք օգտագործեք միմիայն դպրոց գնալու համար:Այդպիսով այդ պարագաները երեխայի համար յուրահատուկ կդառնան:

3.Նոր, առողջարար ճաշացանկ մշակեք երեխայի համար

Փնտրեք Ձեր երեխայի համար հարմար սենդվիչների , աղցանների բաղադրատոմսեր,որոնք նա հեշտորեն կկարողանա ուտել դպրոցում: Կարող եք նաև հետաքրքիր ձևավորումներով անել: Սա նախապես փորձարկեք, որպեսզի հասկանաք,թե ինչն է երեխան ավելի հավանում, ինչը ՝ ոչ:

4.Կարգավորեք երեխայի քնի ռեժիմը դպրոցի ժամերին համապատասխան

Քնի ռեժիմի կարգավորումը կարևոր հարց է և պետք է այդ գործընթացը սկսել առնվազն սեպտեմբերի  1-ից մեկ շաբաթ առաջ: Ավելի լավ կլինի 2-3 շաբաթ առաջ սկսել,որպեսզի երեխան հասցնի լիարժեք հարմարվել: Հաշվի առեք,որ երեխան պետք է քնի 9-10 ժամ: Եվ եթե երեխան պետք արթնանա առավոտյան ժամը 7:00-ին, ապա 10 ժամ հետ հաշվեք: Կստացվի , որ երեխան պետք է քնի երեկոյան ժամը 9:00-ից ոչ ուշ: Իսկ քնելուն նախապատրաստվելը պետք է սկսել երեկոյան ժամը 8:00 –ից: Այսինքն՝ այդ ժամին բոլոր հեռուստացույցները, համակարգիչները անջատվում են, աշխույժ խաղերը ավարտվում են: Պետք է ապահովել երեխայի հանգիստը :Կարող եք գրքեր կարդալ կամ հանգիստ խաղեր խաղալ:

5.Նախապես մտածեք օրակարգի փոփոխության մասին

Դպրոցական օրերի հետ մեկտեղ փոխվում է նաև ծնողների օրակարգը: Որոշ հարցերի նախապես ծրագրումը կօգնի ծնողներին ավելի հեշտացնել դպրոցական օրերի ծանրաբեռնվածությունը: Մտածեք ,թե ով և ինչպես է երեխային վերցնելու դպրոցից, ինչ եք անելու դպրոցից հետո, ինչպես եք նախապատրաստելու դասերը և այլն:

6.Մի՛ ծանրաբեռնեք երեխային

Սկզբնական շրջանում երեխայի համար թեթև օրակարգ մշակեք: Հետևեք, որ օրվա ընթացքում երեխան հանգստանա:Երեխաների անցումը նոր օրակարագին, նոր ժամերին, նոր միջավայրին սթրեսային կարող է լինել:

7.Փորձեք ծանոթանալ դպրոցական համայնքին

Եթե ճանաչում եք այլ երեխաների,ովքեր ևս գնալու են նույն դպրոցը, փորձեք կազմակերպել հանդիպում ,որպեսզի երեխաները ծանոթանան միմյանց հետ: Այդպես երեխան արդեն ընկեր կունենա դպրոցի համար: Կամ եթե ճանաչում եք դասատուներին, ևս կարող եք երեխային նախապես ծանոթացնել: Երեխայի հետ միասին այցելեք դպրոց, շրջեք , երեխային ծանոթացրեք իր դասասենյակին: