03Ապր
2017
0
mith

Առասպելներ արտ թերապիայի մասին

Հոգեբանության վերաբերյալ շատ են առասպելները և արտ թերապիան բացառություն չէ:Այստեղ կներկայացնենք  10 առասպելներ արտ թերապիայի մասին,որոնք թյուրըմբռնումների պատճառ կարող են դառնալ: Եվ այսպես.

Առասպելներ արտ թերապիայի մասին

Առասպել 1

Արվեստն ինքնին արտ թերապիա է: Կամ արտ թերապիան միայն արվեստ է:

Սակայն արտ թերապիայի և արվեստի խնդիրները հստակ տարբերվում են: Արտ թերապիայի խնդիրը այցելուի խնդրի /հայցի/ հետ աշխատելն է և ոչ ուղղակի նկարելը կամ ստեղծագործելը:

Առասպել 2

Արտ թերապիան այն է, երբ նկարում են: Նկարչությունը արտ թերապևտիկ ուղղություններից մեկն է միայն: Արտ թերապիան բավականին հարուստ է իր տեսակներով և ընդգրկում է արվեստի տարբեր ուղղություններ:

Առասպել 3

Արտ թերապիան խնդիրներ ունեցող նկարիչների համար է: Արտ թերապիայի հիմնական առանձնահատկությունը կիրառման անսահմանափակությունն է: Արտ թերապիան բոլորի համար է՝ անկախ մասնագիտությունից, տարիքից,խնդրի բնույթից:

Առասպել 4

Արտ թերապիան օգնում է ,որ «վատ նկարները» դառնան գեղեցիկ: Արտ թերապիայում ստեղծագործության էսթետիկ կողմը էական չէ: Այստեղ կարևոր և առաջնային է այցելուի ինքնաարտահայտումը և լավ զգացողությունը:

Առասպել 5

Արտ թերապիայում պարտադիր ստեղծվում է ինչ որ բան: Հիմնականում դա այդպես է, սակայն  արտ թերապիան նաև պասիվ կարող է լինել, երբ այցելուի հետ կիրառվում են ուրշների կողմից ստեղծված արվեստի գործերը:

Առասպել 6

Արտ թերապիայի համար պետք է ունենալ ընդունակություն: Արտ թերապիան ելնում է այն սկզբունքից,որ յուրաքանչյուր մարդ ունի ստեղծագործելու ունակություն և ներուժ: Արտ թերապիայում մենք չենք սովորեցնում ստեղծագործել , այլ նպասոտւմ ենք յուրաքանչյուրիս մեջ առկա ստեղծագործական ներուժի ակտիվացմանը:

Առասպել 7

Արտ թերապևտը հստակ և ճշգրիտ կարող է ասել, թե ինչ նշանակություն ունի Ձեր ստեղծագործությունը:

Արտ թերապիայի շրջանակներում այցելուի ստեղծագործութունների մեկնաբանությունը համատեղ է տեղի ունենում այցելուի և թերապևտի կաղմից: Կարևոր է , թե այցելուն ինքը ինչ է ասում, ինչ է մտածում, ինչ նշանակություն է տալիս իր ստեղծագործություններին:

Առասպել 8

Արտ թերապիան ենթադրում է բացարձակ ազատություն. այցելուն անում է այն, ինչ ուզում է և ինչպես ուզում է: Սա ինչ որ չափով ճիշտ է , սակայն թերապևտը կարող է ուղղորդել այցելուին՝ առաջարկելով թեմաներ:

Առասպել 9

Արտ թերապիայում օգտագործվում են ստեղծագորածական ցանկացած նյութեր և պարագաներ: Արտ թերապիան ,իսկապես, ենթադրում է նյութերի մեծ բազմազանություն, սակայն ըստ այցելուի տարիքի, խնդրի արտ պարագաները կարող են փոփոխվել:

Առասպել 10

Արտ թերապիան միայն հաճելի ժամանց է: Արտ թերապիան հաճելի զգացողություններ է առաջացնում հիմնականում,ինչը,անշուշտ, նպաստում է հոգեթերապիայի առաջընթացին: Սակայն արտ թերապիան առաջին հերթին թերապևտիկ մեթոդ է,որը կոչված է երեխաների և մեծահասակների հոգեկան բարեկեցության ապահովմանը ինքնաարտահայտման և ինքնաճանաչման միջոցով:Ստեղծագործական գործունեության առաջնային նպատակը պետք է լինի թերապիան:

Ամփոփելով արտ թերապիայի վերաբեյալ առասպելներ՝նշենք նաև մի քանի ճշմարտություններ.

  • Արտ թերապիան հոգեթերապևտիկ և ստեղծագործական պրակտիկաների միավորումն է:
  • Արտ թերապիան գրեթե չունի կիրառման սահմանափակումներ:
  • Մեր ստեղծած նկարները, կոլաժները, պատմությունները և ստեղծագործական գործունեության այլ ձևերը սիմվոլիկ ինքնաարտահայտումներ են:
  • Արտ թերապիան հիմնականում դրական հույզեր է առաջացնում և թույլ է տալիս հաղթահարել թերապևտիկ աշխատանքում ծագող դիմադրությունը:
  • Արտ թերապիան մոբիլիզացնում և ակտիվացնում է մարդու ստեղծագործական ներուժը: