19Հկտ
2017
0
ethics

Երեխաների ստեղծագործությունները և արտ թերապիայի էթիկական սկզբունքները

Որոշ մասնագետների մոտ կարող  է հարց է առաջանալ՝ արդյոք նկարների վերաբերյալ գործում են որևիցե էթիկական սկզբունքներ: Նկարները գեղեցիկ են, հետաքրքիր ու կարող է մի պահ մոռանանք ,որ դրանցում կարող է արտացոլվել երեխայի մասին այնպիսի տեղեկություն, որը պետք է պաշտպանել երրորդ անձից և դրա գաղտնիությունը, սեփականության իրավունքը պետք է հարգել:

Երեխաները արտ թերապիայի ընթացքում հաճախ ստեղծում են այնպիսի պատկերներ, որոնք արտացոլում ներընտանեկան հարցերը, շատ հուզական բովանդակություն կարող են ունենալ /հատկապես տրավմա, կորուստ, բռնություն ապրած երեխաների ստեղծագործությունները/: Եվ այստեղ թերապևտի մոտ կարող  է մեծ ցանկություն առաջանալ կիսվել այդ նկարներով ծնողի, այլ մասնագետների հետ՝երեխայի  ստեղծագործական վառ ինքնաարտահայտումը ցույց տալու նպատակով:

Սակայն պետք  է հաշվի առնել,որ արտ թերապիայում ստեղծվող յուրաքանչյուր գործ, պատկեր պետք է դիտարկել էթիկական հստակ կանոնակարգով: Վերջինս ենթադրում է`

  • գաղտնապահության սկզբունքը
  • ստեղծագործությունների ցուցադրման հարցերը
  • սեփականության իրավունքը 
  • ստեղծագործությունների պահպանումը
  • երեխայի և նրա ստեղծագործությունների պահպանման ապահովությունը

Գաղտնապահությունը և երեխայի ստեղծագործությունների ցուցադրումը

Գաղտնապահությունը ցանկացած թերապևտիկ հարաբերությունների էթիկական հիմքն է, որը ենթադրում է այցելուի և արտ թերապիայի պարագայում նաև այցելուի ստեղծագործությունների մասին ցանկացած տեղեկության  գաղտնիության ապահովում, ստեղծագործությունների չարտոնված հրապարակումից պաշտպանության պատասխանատվություն,որը ստանձնում է արտթերապևտը: 

Արտ թերապիայում ,սակայն, մասնագետները հաճախ կարող են կարծել,որ նկարների վրա գաղտնապահության սկզբունքը չի տարածվում: Մինչդեռ այցելուի խոսքերը, ձայնգրությունները համարվում են գաղտնի: Հիմնականում պատճառն այն է ,որ ստեղծագործությունները խոսքային չեն, և արվեստի լեզուն խիստ անձնական է և շատ մասնագետներ կարող են կարծել ,որ ստեղծագործությունների իմաստը, նշանակությունը չեն կարող հասկացվել այլ անձի կողմից, ով չի շփվել ստեղծողի հետ:

Սակայն պետք է հաշվի առնել,որ թե մեծերի,թե երեխայի նկարչական արտահայտման ոճը եզակի է ինչպես ձեռագիրը, և իրականում այդքան էլ բարդ չէ որոշել ում նկարն է դա, նամանավանդ եթե նկարները ցուցադրվում են ասենք հիվանդանոցներում կամ զանազան կենտրոններում: Հաճախ հարազատները կարող են ճանաչել դրանք:

Նույնիսկ ,եթե նկարները արված են ոչ թե անհատական հանդիպումների ընթացքում, այլ ասենք տանը , արվեստի դասին, այնուամենայնիվ ,այստեղ ևս գործում է գաղտնապահության սկզբունքը, քանի որ այդ նկարների բովանդակության բացահայտումը կարող է չբխել երեխայի շահերից :

Այն երեխաների ստեղծագործությունները, ովքեր ենթարկվել են բռնության  և նաև կասկածվում են սեռական բռնության ենթարկվելու մեջ,  առանձնահատուկ ուշադրության պետք  է արժանանան գաղտանապահության տեսանկյունից: Սա մասնավորապես վերաբերում է այն դեպքերին,երբ երեխան իր նկարը ցանկանում է իր հետ տուն տանել: Սա կարող է ուղղակի վտանգավոր լինել, քանի որ նկարում կարող է բռնությունը արտացոլված լինել, իսկ եթե բռնարարը տանն է, նա կարող է տեսնել նկարը և երեխայի համար այդ ամենը վատ հետևանքներ կունենա: Այսինքն՝ լինում են դեպքեր,երբ  երեխայի կողմից իր նկարի տուն տանելը, կարող է վտանգել նրան:

Հետևաբար խիստ կարևոր է երեխայի հետ թերապիան սկսելուց առաջ հստակ սահմանել նրա ստեղծագործությունների պահպանման, հրապարակման կարգը,որը պետք  է լիովին բխի երեխայի  իրավունքներից և անվտանգությունից: Եվ որոշ դեպքերում թերապևտը պետք է երեխայի նկարները պահի իր մոտ՝ բացատրելով երեխային նման քայլի նպատակը:

Երբեմն կարող են կազմակերպվել ցուցահանդեսներ և այս պարագայում ևս  պետք է հասկանալ արդյոք այդ ամնեը բխում  է երեխայի լավագույն շահերից:

Բացի դա ,երբ երեխան իմանում է,որ իր աշխատանքները պետք է ցուցադրվեն, դա կարող է ազդել նրա նկարչության ոճի , բովանդակության վրա:Նա ավելի կմտահոգվի ,թե ինչ ձևով նկարել,որ գեղեցիկ լինի և այլն:

Երբեմն ցուցադրությունները կարող են նաև դրական դեր խաղալ երեխայի համար՝ բարձրացնելով նրա ինքնագնահատականը: Երբեմն դա կարելի է անել հենց խաղասենյակում:Շատ երեխաների համար կարող է կարևոր լինել նախորդ հանդիպմանը արված նկարը հաջորդ հանդիպմանը պատին փակցված գտնել:

 

Երեխայի ստեղծագործությունների սեփականության իրավունքը

Երեխան սեփականատերն է իր ստեղծածի և կարող է իր նկարները տանել իր հետ: Դա հաճախ լինում է,երբ երեխան դրական ապրումներ ունի պրոցեսի վերաբերյալ:

Սակայն կան դեպքեր, երբ թերապևտը կարող է պահել երեխայի նկարները նրա համար նախատեսված հատուկ ֆայլում / օրինակ, այն նկարները,որոնք դատարան պետք է ներկայացվեն և  այն դեպքերը ,երբ նկարի բովանդակությունը կարող է խաթարել երեխայի ապահովությունը,օրինակ ,սեռական բռնության պարագայում/:

 

Երեխայի և նրա ստեղծագործությունների պահպանման ապահովությունը

Ապահովությունը ենթադրում է երեխային պաշտպանել ինչպես արտաքին , այնպես էլ ներքին հոգեբանական վտանգներից :

Ապահովությունը ենթադրում է նաև այն,թե արտ թերապևտիկ հանդիպման ընթացքում երեխաներին ինչ է կարելի և ինչ չի կարելի, այդ թվում նկարելու պարագայում: Օրինակ, կարելի է դեստրուկտիվ թեմաներով նկարներ անել,բայց ապահովության տեսանկյունից կարող են դրվել որոշակի սահմաններ՝ օրինակ գույքը չփչացնել:

Սովորաբար համարվում է ,որ երեխան կարող է նկարել այն ,ինչ ուզում է: Բայց լինում են դեպքեր , երբ նկարների թեման կարող  է սահամանփակվել:Օրինակ, երեխաների հետ խմբային թերապիայում, բռնի տեսարաններով նկարները կարող են մեծ բացասական ազդեցություն ունենալ այլ երեխաների վրա:Եվ այս պարագայում արտ թերապևտը կարող է սահմանափակումներ դնել:

Ապահովության հարցը նաև վերաբերում է նրան, թե ինչպես է թերապևտը վերաբերվում երեխայի նկարներին և ինչպես է պահպանում դրանք. արդյոք երեխան իր սետղծածի համար ապահով է իրեն զգում: Եթե թերապևտը կորցնում է , փչացնում է երեխայի նկարները,ապա դա ուղղակի ազդում է երեխայի ապահովության զգացումի և թերապևտ-երեխա հարաբերությունների վրա:

Երեխայի ստեղծագործությունների պահպանումը

Բնական է,որ արտ թերապևտիկ սենյակում պետք է համապատասխան պահարան լինի,որտեղ թերապևտը կկարողանա

  • Երեխայի անձնական ֆայլը և ստեղծագործությունները պահել,
  • Ընթացիք, անավարտ գործերը պահել,

Հաճախ հարց է առաջանում՝ արտ թերապիայից հետո ի՞նչպես վարվել երեխայի ստեղծագործությունների հետ,եթե նա դրանք թողնում է թերապևտի մոտ: Հայաստանում, ցավոք, հոգեթերապիայի և արտ թերապիայի իրավական և էթիկական կողմերը մշակված չեն : Այդ իսկ պատճառով կարելի է առաջնորդվել այլ երկրների փորձով: Օրինակ, ըստ Ամերիկյան արտ թերապևտիկ ասոցիացիայի էթիկական կոդեքսի ,արտ թերապիայում ստեղծված աշխատանքները թերապիայի ավարտից հետո պետք է պահպանվեն առնվազն 7 տարի ժամկետով: