02Հնս
2017
0
արտ թերապևտները

Արտ թերապևտները և ինքնախնամքը

Արտ թերապևտները այցելուների հետ հանդիպումների ընթացքում լսում են տարբեր պատմություններ, հաճախ տրավմատիկ , ծանր ապրումներով լի դեպքերի հետ են գործ ունենում:Եվ այս ամենը, բնական է, կուտակվելով կարող է հանգեցնել գերհոգնածության և աշխատանքային մոտիվացիայի նվազեցման:Մասնագիտական այրումից և գերհոգնածությունից խուսափելու համար Ձեզ ենք ներկայացնում ինքնախնամքի մի քանի տարբերակներ, որոնցից մի քանիսը կարող եք իրականացնել այցելուների միջև հանդիպումների ընթացքում, իսկ մյուսները ՝ օրվա վերջում , Ձեր հանգստի ժամին:

  • Նկարեք հանդիպումից հետո: Դա կարող է արագ որևիցե ուրվանկար լինել կամ ավելի երկար ժամանակ պահանջող նկար լինել: Փորձեք հնարավորինս ինքնաբուխ լինել: Ավարտելուց հետո նայեք նկարին ,փորձեք հասկանալ ինչի մասին է այն, ինչ հույզեր է արթնացնում, եթե կարողանար պատկերը խոսել, ինչ կասեր: Սա օգնում է երկու հարցում ՝ 1. արտահայտել ուժեղ ապրումները, 2. այցելուի հետ աշխատանքում դա կարող է հանգեցնել ինսայտի և նոր բացահայտումների:
  • Գրառումներ կատարեք: Գրառումները թերապևտիկ աշխատանքի անբաժան մասն են կազմում: Մենք միշտ գրում ենք մեր հանդիպման մասին, օբյեկտիվորեն նկարագրում ենք ընթացքը, նույնիսկ բառացի գրի ենք առնում թերապիայի ընթացքում քննարկվածը: Բայց այս գրառումները փոքր ինչ այլ բնույթ ունեն, սրանք սուբյեկտիվ գրառումներ են, երբ մենք փորձում ենք հանդիպման վերաբերյալ մեր հուզերը, ապրումները, մտքերը գրի առնել և նկարագրել: Այս գրառումները վերաբերում են ինքներս մեզ և մեր ինքնաճանաչմանը:
  • Աշխատանքային օրվա ավարտի ավանդույթը: Փորձեք սահմանել որոշակի ավանդույթ աշխատանքային օրվա վերջում: Դա կօգնի առանձնանալ օրվա ընթացքում լսած, ապրած , երբեմն տրավմատիկ պատմություններից: Ավարտի ավանդույթները կարող են տարբեր լինել՝ ձեռքերը լվալը, վիզուալիզացիաները, մարմնամարզությունը և այլն:
  • Շփվեք մտերիմների հետ: Աշխատանքից հետո մենք հաճախ շատ հոգնած ենք լինում, և միակ բանը,որ ուզում ենք ՝ տուն հասնելն է և հանգիստ նստելը: Սակայն շփումները մեր սիրելիների հետ՝ ընտանիք, երեխաներ, ընկերներ, կարող են ներշնչանքի և հանգստի լավ տարբերակներ լինել:
  • Մասնակցեք սուպերվիզիայի: Սուպերվիզիան կարող է լինել անահատական և խմբային:Այստեղ քննարկվում են թերապևտիկ դեպքերը և մասնագետները ստանում են աշխատանքի վերաբերյալ նոր գաղափարներ և աջակցություն:
  • Հոգեթերապևտը թերապիայի մեջ: Սա շատ կարևոր կետ է: Ուսանողական տարիներից մենք՝ հոգեբաններս ,լսում ենք, որ լավ հոգեթերապևտ դառնալու համար նախ և առաջ պետք է լինել այցելու: Եվ սա պարզապես խոսքեր չեն, սա թերևս հոգեթերապիայի գլխավոր կանոններից մեկն է:Ուրիշներին օգնելու համար մենք առաջինը պետք է օգնենք ինքներս մեզ: Բոլորս ունենք մեր անձնական պատմությունը, ապրումները, սթրեսային պահերը: Թերապիայի գնալու գլխավոր նպատակը այդ ամենի մասին գիտակից լինելն է և ընդունելը: Իսկ այն ամենը ,ինչը պազաբանված չէ ինքներս մեր մասին, կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ մեր աշխատանքում արդեն որպես հոգեթերապևտ:

Այսպիսով,սիրելի ներկա և ապագա արտ թերապևտներ, մի՛ մոռացեք ինքներդ Ձեր մասին Ձեր իսկ կարևոր աշխատանքը արդյունավետ և հաճելի դարձնելու համար:

Բարի ընթացք