18Ապր
2017
0
Hand

Արտ օրագիր

Շատերիս ծանոթ է օրագիր պահելու սովորույթը:Շատերս վարում ենք այն մինչ այսօր՝ գրի առնելով մեր մտքերը, նկարագրելով մեր կյանքի տարբեր ուրախ և տխուր դրվագները:

Արտ օրագիրը յուրահատուկ օրագիր է: Այն ներառում է գրավոր և պատկերավոր լեզուները,ինչն ապահովում է ինքնաարտահայտման ավելի մեծ հնարավորություն:  Արտ օրագիրը յուրահատուկ «վայր է», որտեղ հարցերը կարող են անպատասխան մնալ, սա ապահով տեղ է Ձեր մտքերի և հույզերի համար, որոնք խոսքով դժվար է արտահայտել և դրանք իրենց արտահայտումը գտնում են ազատ պատկերների մեջ:

Արտ օրագիրը նպաստում է .

  • Անձնային աճին
  • Առողջությանը և ապաքինմանը
  • Ստեղծարարության զարգացմանը
  • Կյանքի ծրագրմանը
  • Դրական ծնողավարմանը
  • Հոգևոր փորձի ձեռքբերմանը

 Ի՞նչ է հարկավոր արտ օրագրի համար.

  • տետր
  • գունավոր գրիչներ
  • գունավոր մատիտներ
  • մարկերներ
  • չոր պաստելներ
  • յուղամատիտներ

Արտ օրագրում երբեմն կարող եք օգտագործել ոչ դոմինանտ ձեռքը, քանի որ այն ուղիղ ճանապարհ է ստեղծարար, հուզական, ինտուիտիվ դաշտերի համար:

Արտ օրագիրը ենթադրում է ազատություն: Դուք պարտավոր չեք ամեն օր նկարել կամ գրել:Արտ օրագրով կարող եք զբաղվել այնքան,  որքան կցանկանաք և այնքան հաճախականությամբ,որքան կցանկանաք: Օրինակ,կարելի է մոտ տասնհինգ րոպե հատկացնել  երեկոյան հանգստից առաջ և վաղ առավոտյան կամ օրվա մեջ:

Արտ օրագրի առավելությունն այն է,որ այն կարելի է օգտագործել ամենուրեք: Այն հուզական լիցքաթափման, հանգստանալու առօրյա շտապ խնդիրները լուծելու  հասանելի մեթոդ է:

Յուրաքանչյուր անգամ նկարելուց կամ գրելուց հետո դրեք ամսաթիվը, ինչը հետագայում հնարավորություն կտա համեմատել անցյալը և ներկան՝ արձանագրելով  փոփոխությունները :

Եթե դժավարանում եք սկսել արտ օրագիրը, չգիտեք ,թե ինչ նկարել կամ գրել, ստորև ներկայացնում ենք մի քանի տարբերակներ.

  • «Տաքացում- խզբզոց»: Սա ենթադրում է ազատ ինքնաարտահայտում, երբ կոնկրետ որևէ բան չենք նկարում : Սա հանգստանալու և լիցքաթափվելու լավ տարբերակ է:
  • «Ինչպես եմ  ինձ զգում» : Սրա համար հարկավոր է հանգիստ միջավայր, որտեղ Դուք մենակ կլինեք: Կարող եք փակել աչքերը՝ մտածելով ինքնազգացողության մասին: Այնուհետև նկարում ենք առաջին իսկ եկած պատկերները և գույները:
  • «Հետադարձ հայացք»: Սա կարելի է իրականացնել օրվա վերջում: Մտքով հետ նայեք անցած օրվան,մտածեք ինչ օր էր այն Ձեզ համար: Փորձեք այն պատկերել:
  • «Որտեղ եմ ես  հիմա» :  Մտածեք ,թե ինչ ժամանակ է Ձեզ  համար ներկան, ինչպիսին է Ձեր կյանքը, ինչ խնդիրներ կան և ինչ է հարկավոր դրանց լուծման համար: Կարող եք գրի առնել և նկարել այն, ինչ գալիս է Ձեր մտքով: