09Ապր
2018
0
postcard

Բացիկ ապագայից

Երբեմն լինում է այնպես ,որ մենք կարծես խրվում ենք անցյալի հուշերի մեջ, կամ այնքան ենք տարվում առօրյայով,որ դժվարանում ենք պատկերացնել ապագան: Դա հատկապես լինում է մեր անկումային պահերին, երբ ապագան շատ անորոշ է թվում, գրեթե չի նշմարվում կամ էլ թվում է ,որ ներկայի ընթացքը հավերժ մեզ հետապնդելու է և ոչ մի փոփոխություն մեր կյանքում չի լինելու:

Այսօր կներկայացնեմ մի պարզ արտ թերապևտիկ վարժություն,որն ուղղված է ապագան ավելի տեսանելի դարձնելուն: Այս վարժության ընթացքում Դուք պետք է ստեղծեք բացիկ,որը կուզեիք ստանալ Ձեր ապագա Ես-ից:

Անհրաժեշտ նյութեր

Ստվարաթուղթ

Մատիտներ

Ներկեր

 

Ընթացքը

Ստվարաթուղթը կտրեք բացիկի համար ցանկալի չափսով: Ընտրեք ,թե ինչ նյութերով եք աշխատելու ՝ ներկեր, մատիտներ, միգուցե կոլաժ եք ցանկանում պատրատել:

Բացիկի երեսին նկարեք որևէ պատկեր,որը լավագույն կերպով կարտահայտի այն,թե ինչպիսին  կուզեիք,որ Ձեր ապագա կյանքը լիներ:Օրինակ՝ 1,3,5 կամ ավել տարի հետո..:

Բացիկի հետևի կողմում թողեք գրառում Ձեր ապագա Ես-ից: Մի պահ տեղափոխվեք ապագա և այնտեղից ինքներդ ձեզ տվեք խորհուրդ, խրախուսական խոսքեր,փորձեք նկարագրել Ձեր ապագա կյանքը և այն ,թե ինչպես եք հասել դրան: Մտածեք ,թե ինչ քայլեր են հարկավոր ապագան Ձեր ցանկությամբ ձևավորելու համար, ինչը կամ ով կարող է Ձեզ օգնել այդ հարցում

Այս վարժությունը որքան էլ պարզ է թվում, բայց բավականին լավ միջոց է հասկանալու ապագայի մասին պատկերացումները,այն,թե ինչպիսին եք ուզում լինել և ինչ քայլեր են դրա համար հարկավոր: Այս վարժությունը շատ լավ կաշխատի նաև այցելուների հետ ,ովքեր դժվարանում են զգալ ապագան, դժվարանում են նպատակներ դնել և որոշումներ կայացնել:Այն կրում է կարևոր ուղերձ բոլորի համար,որ այն,ինչ հիմա է կատարվում կյանքում, հավերժ չէ,որ ամեն բան անցողիկ է և փոփոխվող:

Բարի ընթացք