05Փտր
2018
0
color

Գույները արտ թերապիայում

Յուրաքանչյուր գույն էներգիա է և այն դրական կամ բացասական ազդեցություն կարող է թողնել մեզ վրա: Գույների և դրանց բուժիչ նշանակության ուսումնասիրությունները սկսվել են հին դարերից Հունաստանում, Չիանաստանում, Եգիպտոսում:Դեռևս 2000 տարի առաջ մարդիկ սկսեցին կիրառել գույնը բժշկական նպատակով:

Գույնը մեծ դեր ունի մեր առօրյա կյանքում , ինչպես նաև արտ թերապիայում: Այն ազդում է մեր ինքնազգացողության, տրամադրության , ֆիզիոլոգիական պրոցեսների վրա: Արտ թերապիայում գույնը որպես կանոն կապված է հույզերի հետ:Սակայն դրա դերը և ազդեցությունը մեծ են նաև ֆիզիոլոգիական  և մտավոր գործընթացների վրա /օրինակ , կարմիր սենյակում գտնվող մարդու սրտի աշխատանքը կարող է արագանալ, իսկ կապույտ սենյակում հանդարտվել/ :

Հոգեբանական գիտության մեջ նույնիսկ կա մի ամբողջ ուղղություն ,որը կոչվում է  Գույնի հոգեբանություն: Այն ուսումնասիրում է գույների հուզական և ֆիզիկական ազդեցությունը մարդու վրա, գույների համընդհանուր և սուբյեկտիվ նշանակությունները ,ինչպես նաև տարբեր մշակույթների պատկերացումները , մեկնաբանումներն ու ընկալումները գույների վերաբերյալ:

Գույնի հոգեբանությունը դասակարգում է գույները տաք և սառը գույների, որոնք համապատասխան ազդեցություն կարող են ունենալ մարդու տրամադրության և ինքնազգացողության վրա:

Տաք գույներն են կարմիրը, դեղինը, նարնջագույնը և բոլոր այն գույները  , որոնք ներառում են այս գույների տարրեր: Դրանք հիշեցնում են բնության մեջ այն ամենը, ինչը ջերմություն է հաղորոդում / արև, կրակ/:

Սառը գույներն են երկնագույնը, կապույտը, մանուշակագույնը, և այն գույները, որոնք ստացվում են այս գույները խառնելուց:  Սառը գույները զուգորդվում են սառույցի, ձյան, լուսնի հետ:

Յուրահատուկ գույն է կանաչը, որը դեղինի և կապույտի միաձուլումն է , այսինքն հակադրությունների միավորումն է, տաքի և սառի միավորումը:

Գույները դասակարգում ենք նաև հիմնական,երկրորդային և երրորդային գույների:

Հիմնական  գույներն են կարմիրը, կապույտը և դեղինը,որոնք չի կարելի ստանալ այլ գույներ համակցելով:

Երկրորդային են ՝ կանաչը, մանուշակագույնը և նարնջագույնը, որոնք ստացվում են առաջնային գույների համադրությունից ՝

կարմիր +դեղին=նարնջագույն,

կապույտ+դեղին=կանաչ,

կարմիր+ կապույտ=մանուշակագույն

Կան նաև երրորդական գույներ ,որոնք ստացվում են հիմնական և երկրորդային գույների համադրությունից ՝

կամիր-նարնջագույն,

դեղին նարնջագոււյն,

դեղին-կանաչ,

կապույտ-կանաչ,

կապույտ-մանուշակագույն,

կարմիր-մանուշակագույն:

Գույները նաև բաժանում են երկու տիպի.

Ախրոմատիկ գույներ – սպիտակ, սև, մոխրագույնի բոլոր երանգենրը

Խրոմատիկ գույներ— բոլոր գույները ` բացի սևից, սպիտակից և մոխրագույնից:

Գույնի հոգեբանությունը գիտություն է գույների մասին: Իսկ հոգեթերապիայում կա Գունաթերապիա կամ քրոմոթերապիա ուղղությունը: Սա թերապիայի հոլիստիկ, ամբողջական մոտեցում է ,որը կիրառում է  գույնը մարդու ֆիզիկական, մտավոր և հուզական վիճակների վրա ներգործելու նպատակով:Հաշվի առնելով գույնի այս կամ այն ազդեցությունը մարդու հոգեվիճակի և օրգանիզմի վրա՝ ընտրվում է մարդու խնդրին համապատասխան գույնը ,որը և կիրառվում է թե՛ նկարչության , թե՛ վիզուալիզացիաների միջոցով :

Արտ թերապիայում գույները ևս շատ կարևոր են: Դրանք արտացոլում են մարդու հույզերը, հոգեվիճակը: Սակայն գույնի մեկնաբանման հարցը բավականին բարդ է և ոչ միանշանակ: Արտ թերապիայում գույները մեկնաբանելիս պետք է ուշադրություն դարձնել,թե  գույները թղթի վրա ինչպես  են օգտագործվել, ինչ քանակով, ինչ գույներով են պատկերված կենտրոնական օբյեկտները: Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել գույնի անսովոր օգտագործմանը /ենթադրենք արևը կապույտ է պատկերված/:  Եվ իհարկե, չենք մոռանում, որ արտ թերապիայում գույների և սիմվոլների վերլուծությունը անհնար է առանց այցելուի հետ քննարկումների: Յուրաքնաչյուր մարդ  ունի գույների սուբյեկտիվ մեկնաբանությունը: Եվ դա պետք  է միշտ հաշվի առնել:

Արտ թերապաիյում , այսպիսով, գույների ունիվերսալ բնորոշումներով առաջնորդվելը ճիշտ չէ: Սակայն պետք է նաև ունենալ ընդհանուր գիտելիք գույների  նշանակությունների մասին: Այստեղ կներկայացնեմ որոշ գույների մեկնաբանություններ.

Սև

Խորհրդանշում է ուժ,գաղտնիք, անիմանալի մի բան, վախ,մահ,ողբ ,նաև բացասական, ստվերային կողմերի արտացոլանքն է:

Սպիտակ

Խորհրդանշում է մաքրություն, ամբողջականություն, ավարտունություն, անմեղություն, կատարելություն

Կարմիր

Խորհրդանշում է կրակ, կենսական էներգիայի, կիրք, ցանկություն, ձգտում, ջերմություն, լարվածություն, վտանգ, հրատապ խնդիր, հուզականություն, ֆիզիկական ակտիվություն /այն բարձրացնում է արյան ճնշումը,արագացնում է սրտի աշխատանքը/, վճռականություն, կենսասիրություն, հավատ սեփական ուժերին

Նարնջագույն

Խորհրդանշում է  կամքի ուժ, հստակության ձգտում, ուրախություն,էնտուզիազմ,ոգևորություն, ստեղծարարություն

Դեղին

Խորհրդանշում է  նպատակաուղղվածություն, էնտուզիազմ, օպտիմիզմ, հետաքրքրասիրություն, ինտելեկտ, էներգիա

Կանաչ

Խորհրդանշում է  զգացմունքայնություն, բնություն, նոր էներգիա,թարմություն, աճ,զարգացում, ապահովություն:Ունի ապաքինող ազդեցություն

Երկնագույն

Խորհրդանշում է  մաքուր գիտակցություն, ներդաշնակություն, ռոմանտիզմ, անհոգություն, երազկոտություն, նրբություն, ինտուիցիա, հանգստություն

Կապույտ

Խորհրդանշում է  սրտի կապը բանականության հետ,  հանգստացնող և թերապևտիկ ազդեցություն ունի

Մանուշակագույն

Ոգեղեն, միստիկ գույն է, խորհրդանշում է տիեզերական էներգիան, ստեղծարարությունը, ազնվականությունը, իմաստությունը,անկախությունը, կախարդանքը