12Ապր
2018
0
color

Գույները և հույզերը. հույզերի հետ աշխատանքի մի քանի տարբերակ

Գույները և զգացմունքները սերտորեն կապված են միմյանց հետ: Գույնը ազդում է մեր հոգեվիճակի, տրամադրության, զգացմունքների վրա :Նաև մեր տրամադրությունը , ընդհանուր հուզական վիճակը կարող են պայմանավորել մեր ձգտումը դեպի այս կամ այն գույնը:

Այսօր կներկայացնեմ արտթերապևտիկ 3 տեխնիկաներ,որոնք ուղղված են հույզերի գիտակցման բարձրացմանը և որոնք կարելի է իրականացնել թե՛ երեխաների ,թե՛ մեծերի հետ: Դրանք կարելի է իրականացնել ցանկացած արտ նյութերով՝ մատիտներ, յուղամատիտներ,չոր պաստելներ, ջրաներկ, գուաշ, ակրիլիկ: Ընտրեք այն նյութը ,որը Ձեզ առավել հարմար է :Իսկ եթե աշխատում եք այցելուի հետ, ապա ճշտեք նրանից,թե ինչ նյութով կուզի աշխատել:

Ստորև ներկայացնում եմ հույզերի հետ աշխատանքի երեք արտթերապևտիկ միջոցները.

Տարբերակ 1

Նկարչություն՝ ուղղված հույզերի գիտակցման բարձրացմանը

Ընթացքը

Թղթին գրի առեք այն բոլոր հույզերը,որոնք հաճախ ունենում եք/կարող եք գրի առնել վերջին շաբաթվա ընթացքում ունեցած հույզերը/: Այնուհետև յուրաքանչյուր հույզի համար ընտրեք մի գույն:

Թղթին նկարեք այդ գույներով աբստրակտ մի պատկեր: Օգտագործեք գույները ըստ հույզերի ապրման հաճախականության: Ենթադրենք, դեղինով նշել եք ուրախությունը և եթե ուրախությունը գերիշխում է Ձեր հույզերի մեջ, ապա դեղին գույնը համապատասխանաբար շատ պետք է լինի նկարում: Սակայն ողջ թուղթը ներկելը կարող է հոգնեցնող լինել: Այդ դեպքում ավելի նպատակահարմար է այցելուին առաջարկել հույզերի գույներով ներկել որևէ պատկեր ,օրինակ սիրտ կամ շրջան : Սա ավելի հեշտացնում է գործը և ավելի ցայտուն կարող է ցույց տալ մարդու հուզական վիճակը: Նաև շրջանի մեջ հույզերը նկարելը հանգստացնող ազդեցություն կարող է ունենալ  զայրույթի ժամանակ, հատկապես երեխաների հետ :

Նկարելուց հետո անպայման քննարկեք պատկերված հույզերը, դրանց հաճախականությունը: Արդյոք կա ցանկություն որևէ բան փոխելու, որևէ հույզ ուժեղացնելու կամ պակասեցնելու:Մտածեք ՝ ինչ կարելի է անել դրա համար:

Եթե այս տեխնիկան անում եք այցելուի հետ, ապա նպատակահարմար է այն կիրառել թերապիայի սկզբում որպես այցելուի հուզական վիճակի գնահատման միջոց: Եվ թերապիայի ավելի ուշ փուլերում փոփոխությունները տեսնելու համար:

 

Տարբերակ 2

Նկարչություն՝ ուղղված հույզերի արտահայտմանը այստեղ և հիմա

Ընթացքը

Առանց սիմվոլներ և բառեր կիրառելու պատկերեք գույներով Ձեր հոգեվիճակը այս պահին:  Նկարեք տարբեր գույներով,որոնք կարտահայտեն Ձեր ներկայիս հույզերը:

Այստեղ ևս կարող եք կիրառել շրջանը: Այսինքն՝ թղթին շրջան պատկերեք , այնուհետև նկարեք դրա մեջ: Սա լավ միջոց է արտահայտելու և հաղթահարելու բացասական հույզերը:

 

Տարբերակ 3

Նկարչություն՝ ուղղված մարմնի և հույզերի կապի գիտակցմանը

Ընթացքը

Թղթին գրի առեք այն բոլոր հույզերը,որոնք հաճախ ունենում եք: Այնուհետև յուրաքանչյուր հույզի համար ընտրեք մի գույն:

Մտածեք յուրաքանչյուր հույզի մասին, ե՞րբ եք վերջին անգամ զգացել, ի՞նչ է կատարվել Ձեր մարմնում:

Թղթին մարդու ուրվանկար պատկերեք և հույզերը իրենց համապատասխան գույներով «տեղադրեք»  ուրվանկարի մեջ:

 

Բարի ընթացք