11Մյս
2017
0
music

Երաժշտական նկարներ

Երաժշտությունն ու նկարչությունը հիանալի ընկերներ են: Դրանք լրացնում և հարստացնում են մեկը մյուսին: 

Երաժշտական նկարների ստեղծումը երեխաներին հաճույք և հանգստություն կպարգևի,ինչպես նաև կնպաստի ուշադրության կենտրոնացմանը:

Ինչի՞ց կարելի է սկսել, եթե ուզում ենք երաժշտության ուղեկցությամբ նկարել: Տարբերակներից մեկը պարզապես երաժշտություն միացնելն է և նկարելը: Բայց այս գործընթացը կարելի է ավելի հետաքրքրացնել: Եվ այսպես.

Քայլ 1 

Լսիր ձայնը

Մինչ ստեղծագործելուն անցնելը ,կարելի է մի փոքր «մարզել»  ականջները և լսողությունը:Դրա համար երեխային կամ երեխաներին առաջարկեք խաղալ «Լսիր ձայնը» խաղը: Երեխաները հարմարավետ դիրք են ընդունում, փակում են աչքերը, շնչառությունը հանդարտեցնում են, այնուհետև մեծահասակի հրահանգով պահպանում են լռություն/ դա սովորաբար մեկ րոպե կարող է լինել/:  Այդ լության մեջ երեխաները պետք է նկատեն, լսեն իրենց շրջապատող ձայները: Աչքերը բացելուց հետո երեխաների հետ քննարկվում է, թե ինչ լսեցին այդ րոպեի ընթացքում: Սա կարելի է գրի առնել:
 

Քայլ 2

Երաժշտության ունկնդրում

Հիմա երաժշտություն լսելու ճիշտ ժամանակն է: Միացրեք որևէ երաժշտություն: Առաջարկեք երեխային/երեխաներին լսել այն: Երաժշտության ընտրությունը ևս կարևոր է:Ցանկալի է,որ այն առանց խոսքերի լինի: Ահա երաժշտության մի քանի տարբերակներ, որոնք Դուք կարող եք լրացնել ըստ Ձեր նախընտրությունների.

  • դասական երաժշտություն /Մոցարտ, Բեթհովեն, Շոպեն, Դեբյուսի, Բախ,Հենդել/
  • ժողովրդական երաժշտություն
  • ջազային ստեղծագործություններ

Երաժշտությունը լսելուց հետո ցանկալի է երեխաների հետ քննարկել այն:Հարցրեք երեխային՝ինչի մասին էր երաժշտությունը, ինչ զգացմունքներ առաջացրեց, ընդհանուր առմամբ ինչ նկատեց երեխան տվյալ ստեղծագործության մեջ: Սա շատ հետաքրքիր զրույցի կարող է վերածվել և հաճախ երեխաները, ոգեշնչված երաժշտությունից, պատմում են անհավանական պատմություններ :

Քայլ 3

Նկարչություն

Երբ երեխաները պատրաստ են, կարելի է անցնել նկարչությանը: Եվս մեկ անգամ միացրեք երաժշտությունը և առաջարկեք երեխաներին նկարել այն: Տվյալ նկարչության համար հարմար կլինեն ձեռքի տակ եղած ցանկացած նյութեր.

  • ջրաներկ
  • գուաշ
  • մարկերներ
  • չոր պաստելներ
  • սովորական մատիտներ

Եթե երեխան դժվարանում է նկարել երաժշտությունը, զրուցեք նրա հետ: Հարցրեք նրան, թե ինչ գույնի նման է տվյալ ստեղծագործությունը, մեծ է , թե փոքր, ինչ ձև ունի և այն: bird

Երբեմն նկարչության ավարտին երեխաները հարցեր են ունենում ՝ երաժշտության, գործիքների , նվագախմբի վերաբերյալ: Փորձեք պատասխանել երեխաների հարցերին, իսկ եթե պատասխանը չունեք, կարող եք նրանց հետ միասին համացանցի օգնությամբ ստանալ բոլոր պատասխանները երաժշտության,կոմպոզիտորների, երաժիշտների, գործիքների վերաբերյալ:

 

Բարի նկարչություն