20Ապր
2018
0
be careful

Ի՞նչ ասել երեխային «զգույշ եղի՛ր»-ի փոխարեն

Նկատե՞լ եք՝ որքան շատ ենք մենք երեխաներին ասում «զգույշ եղի՛ր»:

Ես ինքս իմ երեք տարեկան աղջկան երբեմն այնքա՜ն եմ օրվա ընթացքում ասում այդ բառերը..մի խոսքով ես ինքս հոգնում եմ «զգույշ եղի՛ր»-ից: Ու պատճառը ոչ միայն այդ բառերը շատ ասելն է, այլև հաճախ դրանց ոչ արդյունավետությունը:

Իսկապես, մի պահ մտածեք, ինչ  է երեխան հասկանում ,երբ ասում եք «զգույշ եղի՛ր»: Նա հասկանում է ,որ կա վտագ կամ վախենալու մի բան: Եվ շատ հաճախ այդ արտահայտությունից հետո նա կարող է չշարունակել այն, ինչ անում էր: «Զգույշ եղի՛ր»-ը երեխային չի օգնում և հաճախ հետ է պահում բարդ իրավիճակները հաղթահարելուց: Ու բացի դա «զգույշ եղի՛ր» -ը շատ ընդհանուր արտահայտություն է և կարող է երեխայի համար նշանակել ցանկացած բան:

Կարծում եմ՝ ավելի նպատակահարմար է «զգույշ եղի՛ր»-ի փոխարեն ավելի կոնկրետ ու հստակ ասել երեխային հնարավոր վտանգի մասին: Այս դեպքում երեխային իսկապես օգտակար խորհուրդ կտանք:

Մի տեղ կարդացել եմ և կարծում եմ  հարմար տարբերակ է  «զգույշ եղի՛ր»-ը փոխարինել հիշեցումներով: Օրինակ ՝«հիշի՛ր,որ քարը ծանր է » կամ «հիշի՛ր,որ ճյուղերը սուր կարող են լինել» և այլն:

Այսպիսով, կարևոր է ըստ իրավիճակի հստակ խորհուրդ կամ հիշեցում տալ: Օրինակ, «զգույշ եղի՛ր»-ը փոխարինող  տարբերակներ կարող են լինել.

  • Ուշադիր եղիր,երբ…
  • Նկատե՞լ ես /որ հատակը սահուկ է, ճյուղերը սուր են, փոքր երեխաներ են խաղում../
  • Օգնիր ինքդ քեզ ձեռքերով, ոտքերով
  • Ապահո՞վ ես զգում այդտեղ
  • Ո՞րն է լինելու հաջորդ քայլդ
  • Ես այստեղ եմ, եթե օգնության կարիք ունենաս
  • Խնդրում եմ ճյուղերի համար հարմար տեղ գտիր,մինչև վազես /այն դեպքում ,երբ երեխան ճյուղերով կամ այլ սուր առարկայով վազվզում է/
  • Մինչև քարը գցելը, նայիր շուրջդ,որ ոչ ոքին չդիպչի
  • Այնպես խաղա,որ մյուս բալիկներն էլ տեղ ունենան
  • Մի փոքր դանդաղ վազիր այստեղ
  • Ինչպե՞ս ես /բարձրանալու, իջնելու, շրջանցելու/
  • Ո՞վ կարող է /օգնել քեզ, գալ քեզ հետ../

Դուք էլ ,վստահաբար, կարող եք այս արտահայտությունների ցուցակը ընդլայնել: