13Դկտ
2017
0
easel

Ինչպե՞ս պահպանել ստեղծագործությունները արտ թերապիայի ընթացքում

Արտ թերապիայի ընթացքում ստեղծվող նկարները, քանդակները , հեքիաթները կամ այլ ստեղծագործությունները կարող են շատ կարևոր բովանդակություն կրել այցելուի համար: Եվ բնական է ,որ այդ ստեղծագործությունների պահպանման կարգը ևս կարևոր հարց է:

Ինչպե՞ս վարվել այցելուի ստեղծագործությունների հետ արտ թերապևիկ աշխատանքի ընթացքում և ավարտից հետո կամ այն դեպքերում,երբ ոչ արտ թերապևտ հոգեբանը  պարզապես կիրառում է արտ թերապևտիկ տեխնիկաներն իր աշխատանքում :

Նախ սկսենք նրանից,որ ինչպես ամեն բան հոգեթերապիայում , այս հարցը ևս միանշանակ չէ և կախված է մի շարք գործոններից: Եվ հաճախ այնպես է լինում, որ առավել ճիշտ որոշումը այցելուի ստեղծագործությունները  արտ թերապևտիկ գրասենյակում /արտ սուդիոյում պահելն է:

Եվ այսպես, երբ կարող է արտ թերապևտը ստեղծագործությունները պահել իր գրասենյակում.

  • Ստեղծագործությունները կարող են այցելուի համար կրել խիստ հուզական հուշեր և բովանդկություն: Օրինակ, երբ այցելուն պատկերում է մի բան, որին դժվար է առերեսվելը / տրավմատիկ փորձ, դեպրեսիա, կորուստ, տագնապ../: Արտ թերապիայի ընթացքում այցելուն ստեղծագործում է ապահով միջավայրում թերապևտի ներկայությամբ և աջակցությամբ: Իսկ թերապևտիկ միջավայրից դուրս նման ստեղծագործությունները,որոնք կրում հուզականորեն ծանր հուշեր, կարող են շատ տխրեցնող լինել այցելուի համար:
  • Արտ թերապիայում երբեմն ստեղծագործելը կիրառվում է անցանկալի հույզերը արտահայտելու և դրանցից ձերբազատվելու նպատակով: Օրինակ, այցելուն կարող է իր բարկությունը , ատելությունը և նման ուժեղ հույզերը արտահայտել նկարի մեջ և կարծում եմ հետագայում նա դժվար թե ցանկանա այդ նկարները վերանայել: Կամ մարդը կարող է իր օրագրում կոպիտ գրել իրեն բարկացնող բաների մասին: Նպատակը բացասական հույզը պարզապես դուրս հանելն է ապահով վայրում: Իսկ դրա վերընթերցումը ցանկալի չի լինի նրա համար հետագայում և որևէ օգուտ չի տա:
  • Երբեմն ստեղծագործությունները ապահով չէ պահել տանը: Օրինակ , դրանք կարող են վնասվել, կորել կամ տնեցիները կարող են որևէ կերպ փորձել մեկնաբանել կամ գնահատել դրանք՝ վիրավորելով այցելուին և այլն: Կամ եթե այցելուն երեխա է, ապա նա ավելի քիչ վերահսկողություն  և տարբերակներ ունի իր ստեղծագործությունները ապահով պահպանելու համար: Իսկ թերապևտիկ գրասենյակում այդ բոլոր հարցերը լուծվում են. ստեղծագործությունները պահպանվում են  ապահով վայրում՝ հատուկ ֆայլերում , հատուկ  պահարանում ,  օտար աչքերից հեռու :Իսկ դա այցելուին տալիս է  հուզական ապահովության ու պաշտպանության զգացում:
  • Երբեմն օգտակար է վերանայել ստեղծագործությունները կամ նույնիսկ փոփոխել դրանք արտ թերապևտիկ հանդիպումների ընթացքում:
  • Արտ թերապիայում մենք կենտրոնանում ենք առավելապես գործընթացի և ոչ բուն ստեղծագործական արդյունքի վրա: Երբ այցելուն իր բոլոր ստեղծագործությունները տանում է տուն, նա կարող է սկսել գնահատել, համեմատել դրանք  որպես լավ կամ վատը: Իսկ սա կարող է խոչընդոտել ստեղծագործական ինքնաբուխ ինքնաարտահայտմանը:

 

Եվ այսպես , ինչպե՞ս վարվել:

Արտ թերապիայի ամենասկզբում թերապևտը պետք է քննարկի այցելուի հետ ստեղծագործությունների պահպանման կարգը: Կարելի է այցելուին առաջարկել,որ արտ թերապիայի ընթացքում ստեղծագործությունները կպահպանվեն արտ թերապևտիկ սենյակում հատուկ ֆայլի մեջ մինչև հանդիպումների ավարտը : Սակայն այցելուն միշտ կարող է վերանայել դրանք: Իսկ եթե այցելուն ունենա ստեղծագործությունը իր հետ տանելու ցանկություն, դա միշտ քննարկվում է և ամենաապահով տարբերակն է ընդունվում այցելուի համար: Եթե այցելուն տանում է իր հետ ստեղծագործությունը, ապա թերապևտի հետ միասին մանրամասնորեն քննարկվում է, թե որտեղ է պահվելու ստեղծագործությունը, արդյոք այն պաշտպանված կլինի օտար աչքից և այլն:

Իսկ արտ թերապևտիկ պրոցեսի ավարտին այցելուն և թերապևտը միասին վերանայում են բոլոր ստեղծագործությունները և միասին որոշում են ստեղծագործությունների պահպանման կարգը: Կարևոր է հասկանալ ,թե որ ստեղծագործություններն են կարևոր և օգտակար այցելուի համար և որոնք արժե թողնել անցյալում:Որոշ ստեղծագործություններ կարող են շատ դրական ազդեցություն ունենալ այցելուի համար, կամ ծառայել որպես կարևոր բանի մասին հիշեցում: 

Երբեմն այցելուն ցանկանում է տանել որոշ գործեր իր հետ, սակայն ապահով վայր չունի դրանք պահպանելու համար: Այս դեպքում կարելի է ,օրինակ , լուսանկարել ստեղծագործությունները ՝ պատրաստելով  այցելուի համար ֆոտո ալբոմ:

Միանշանակ է,որ ստեղծագործությունների սեփականատերը հենց այցելուն է և նրա խոսքը պետք է լինի որոշիչ:

Իհարկե, այս հարցերը չեն քնննարկվում, եթե այն կառույցը որտեղ տեղի է ունենում արտ թերպիան, չի կարող ապահովել այցելուի ստեղծագործությունների ապահովությունը և կոնֆիդենցիալությունը: Օրինակ, եթե արտ թերապիան կատարվում է հիվանդանոցներում, ապա ստեղծագործությունը մնում է կամ այցելուի մոտ կամ թերապևտի մոտ, սակայն այցելուն ինքն է որոշում դա:

Ձեզ կարող է հետաքրքել նաև երեխաների հետ արտ թերապևտիկ աշխատանքի էթիկական հարցերը:

Կարդացեք հղումով՝  http://www.arttherapy.am/%d5%a1%d6%80%d5%bf-%d5%a9%d5%a5%d6%80%d5%a1%d5%ba%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a7%d5%a9%d5%ab%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%af%d5%a6%d5%a2%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Հուսով եմ՝ որոշ հարցերի կարողացա անդրադառնալ և օգտակար լինել:

Լավ մնացեք