20Ապր
2017
0
Magic book

Ինչպե՞ս ստեղծել հեքիաթ երեխաների համար

 Երեխաները սիրում են հեքիաթներ և պատմություններ լսել: Հեքիաթային լեզուն երեխաների համար հարազատ և հասկանալի է: Բացի նրանից,որ հեքիաթները երեխաների համար իրենց շրջապատող աշխարհի մասին տեղեկություն ստանալու միջոց են, դրանք նաև կարող են օգնել երեխաներին տարբեր հոգեբանական խնդիրների հաղթահարման գործում՝ վախեր, շփման խնդիրներ, ծնողների ամուսնալուծություն,ագրեսիվ վարք և այլն:  Այստեղ խոսելու ենք այն հեքիաթների մասին,որոնք հատուկ ստեղծվում են կոնկրետ երեխայի համար :Սա շատ ընդունված ձև է մանկական հոգեբանների մոտ,ովքեր իրենց փոքրիկ այցելուների համար ստեղծում են հեքիաթներ երեխայի հոգեբանական խնդիրների լուծման համար:Սակայն ծնողները ևս կարող են դա անել:  Նման հեքիաթների անհրաժեշտությունը կա հատկապես, եթե նկատում եք, որ երեխան հուզված է, ունի վախեր կամ այլ տիպի խնդիրներ: Եվ այսպես ՝ ինչպե՞ս ենք ստեղծում հեքիաթը: Ահա հեքիաթի կառուցվածքը.

  • Նախ և առաջ մտածեք այն խնդրի մասին, որն անհանգստացնում է երեխային:Փորձեք զգալ այն ապրումները, որ ունենում է երեխան և նայել մանկական տեսանկյունից:
  • Ձևակերպեք պատմության հիմնական միտքը.այն, թե ինչ եք ուզում հասցնել երեխային:
  • Այնուհետև անցեք բուն հեքիաթի ստեղծմանը: Նկարագրեք հերոսին,որին ձևավորում ենք ըստ կոնկրետ երեխայի՝նրա անձնական հատկություններով, վախերով, տագնապներով, կոնֆլիկտներով: Սա թույլ է տալիս երեխային նույնականանալ հերոսի հետ, նրա հետ անցնել հեքիաթի միջով, հաղթահարել դժվարությունները:
  • Հետո նկարագրում ենք հերոսի խնդիրները,որոնք պետք է համընկնեն երեխայի խնդիրներին:
  • Հեքիաթում տալիս ենք լուծում ծագած խնդիրների համար/հեքիաթի մեջ դա կարող է  լինել կախարդական եղանակով, մայրիկի օգնությամբ../
  • Հերոսը փորձում է հաղթահարել դժվարությունը օգնության միջոցով և հաջողում է:

Մի քանի խոհուրդ ևս.

  • Պետք չէ խոսել բարդ
  • Պետք է հաշվի առնել երեխայի ուշադրության կայունությունը, այսինքն որքան երեխան կարող է արդյունավետ լսել.ըստ դրա որոշվում է պատմության  երկարությունը:
  • Հեքիաթը ստեղծելիս մի մոռացեք հումորի մասին:Հումորը գրավում է  երեխաներին և թույլ է տալիս թուլացնել լարվածությունը:
  • Հեքիաթը պատմելիս ուշադիր եղեք  երեխայի հակազդումներին.ինչ է նա անում, երբ դուք պատմում եք հեքիաթը:Վերջում քննարկեք դա, օրինակ՝ «Նկատեցի,որ շատ կլանված լսում էիր», «Քեզ դուր եկա՞վ պատմությունը:Հատկապես ո՞ր մասը»:
  • Եթե վստահ չեք՝ ինչպես շարունակել, հարցրեք երեխային՝ «Ի՞նչ ես կարծում ինչ արեց հերոսը կամ ինչ մտածեց»: Պատահում է, որ երեխան  ասում է չգիտեմ:Այդ դեպքում կարել է առաջարկել երեխային կռահել ,թե ինչ եղավ..:
  •  Լավ ավարտ- ավարտը և պատմության եզրահանգումը պետք է  հասկանալի լինեն երեխային:Երեխան պետք է հույս ունենա, որ լուծում կգտնի:
  • Հաշվի առեք սեփական հոգեվիճակը և տրամադրությունը:Եթե հոգնած եք, հուզված կամ վատ ինքնազգացողություն ունեք, ավելի լավ է հետաձգել հեքիթաի պատմումը:
  • Մի ձգտեք ստեղծել գլուխգործոց  և ձգտեք պարզության
  • Եթե դժվարանում եք ինքներդ ստեղծել հեքիաթ, կարող եք օգտվել հոգեբանական համապատասխան գրականությունից հոգեշտկողական հեքիաթների մասին:
  • Հեքիաթը պատմելուց հետո անպայման քննարկեք երեխայի հետ: Ահա մի քանի հարցեր ,որոնք Ձեզ կարող են օգնել՝ «Ինչի՞ մասին էր հեքիաթը», «Ի՞նչը քեզ դուր եկավ», «Ինչու՞», «Ի՞նչը դուր չեկավ», «Ի՞նչը կփոխեիր», «Ի՞նչ կանեիր դու հերոսի փոխարեն»: