12Փտր
2018
0
self

Ինքնանկար կամ նկարիր ինքդ քեզ

Ինքնանկարը արտ թերապևտիկ պարզ տեխնիկաներից է,որն իր պարզության հետ մեկտեղ կարող է շատ բովանդակալից լինել՝ պատմելով նկարողի մասին: Արտ թերապևտները կարող են ասել,որ մարդու յուրաքանչյուր նկար ինչ որ առումով ինքնանկար է : Ես կհամաձայնեմ նրանց հետ,բայց այստեղ ,իսկապես խոսելու ենք հենց Ինքնանկար տեխնիկայի մասին,որը  թույլ է տալիս ուղղակիորեն բացահայտել թե ինչ է մարդը մտածում ինքն իր մասին, ինչպես է իրեն տեսնում:

Արտ թերապիայի շրջանակներում Ինքնանկարը ցանկալի չէ միանգամից անել, կարևոր է նախ վստահելի հարաբերություններ կառուցել այցելուի հետ, այնուհետև իրականացնել նկարչության այս տարբերակը:

Իսկ եթե որոշել եք ինքնուրույն անել, ինքնաճանաչման նպատակով ,ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է:  Նախ նշեմ,որ Ինքնանկարը թեև թեմատիկ նկարչություն է, բայց նաև այն կարող է լինել շատ բազմազան: Այսինքն Դուք կարող եք պարզապես նկարել Ինքնանկար կամ ընտրել Ինքնանկարի որևէ տարբերակ:

 Պարզապես Ինքնանկար

Սա Ինքնանկարի ամենապարզ տարբերակն է: Ընտրեք այն նյութը ,որով կուզեք աշխատել, որը առավել համահունչ է Ինքնանկարի, ինքներդ Ձեզ հետ:Դա կարող են լինել ներկեր, մատիտներ, յուղամատիտներ, կավ, կոլաժ:

Հարմար , հանգիստ վայր ընտրեք:

Կենտրոնացեք գործընթացի վրա և ոչ թե արդյունքի:

Այժմ սկսեք ստեղծագործել:

Վերջում տեղադրեք Ինքնանկարը ուղղհայաց դիրքով և դիտեք այն: Փորձեք հասկանալ՝ ինչ զգացումներ է առաջացնում այն, ինչն է Ձեզ դուր գալիս, ինչն է Ձեր ուշադրությունը գրավում նկարի մեջ: Օգտակար կլինի նաև նկարելուց հետո գրի առնել որոշ մտքեր ՝ կապված Ինքնանկարի ստեղծման և ստացված արդյունքի հետ:

Ինքնանկար սիմվոլների միջոցով

Այս դեպքում Ձեզ հարկավոր կլինեն

  • A3 ֆորմատի թուղթ
  • Ներկեր
  • Մատիտներ
  • Հանգիստ , խաղաղ միջավայր

Այժմ կարող եք անցնել ստեղծագործելուն:

Կարգավորեք շնչառությունը, հանգստացրեք մարմինը:

Հիշեք,որ կարևորը գործընթացն է և ոչ վերջնական արդյունքը: Լռեցրեք այն ձայնը,որ Ձեզ ուզում է ասել՝   դու նկարել չգիտես: Բոլորը դա կարող են անել, հավատացեք ինձ:

Այժմ ի գործ  🙂 

Առաջին հերթին նկարեք դեմքը, ուսերը, պարանոցը:

Այնուհետև դեմքի յուրաքանչյուր մասի համար ավելացրեք սիմվոլներ: Այսինքն ընտրեք  սիմվոլներ , որոնք ըստ Ձեզ ամենահարմարն են դեմքի այս կամ այն մասի համար:

Աչքեր –ինչպես եք Դուք տեսնում աշխարհը , ինքներդ ձեզ, ուրիշներին

Ականջներ -ինչպես եք Դուք լսում ինքներդ ձեր ներքին ձայնը, սիրելիներին, ուրշներին

Քիթ –ինչ բույր ունեք Դուք, ինչ բույր է մնում ձեզանից հետո, ինչպիսի բույր կուզեք ,որ լինի

Բերան— ինչպես եք խոսում, ինչ եք ուզում ասել

Պարանոց-ով է Ձեզ աջակցում

Մազեր— ինչն է Ձեզ դարձնում հենց այն,ինչ կաք,ինչպես եք ինքնաարտահայտվում

 

Այժմ նայեք ձեր ավարտուն աշխատանքին: Ի՞նչ եք զգում: Ուսումնասիրեք սիմվոլները:Ինչու՞ եք դրանք ընտրել: Փորձեք չքննադատել Ձեր աշխատանքը: Ի՞նչն է գրավում Ձեր ուշադրությունը: Կարող եք օրագրում կամ թղթին գրել այս հարցերի պատասխանները:

 

Ինքնանկար՝ ես որպես երեխա

Ձեզ կրկին հարկավոր կլինեն թուղթ, մատիտներ, ներկեր և հանգիստ միջավայր:

Նկարեք ինքներդ ձեզ երեխա ժամանակ ինչ որ հաճելի բան անելիս: Մտածեք այն հույզերի մասին,որ մանկության այդ պահին ապրել եք:

Այս վարժությունը օգնում է համեմատել Ձեզ հասուն տարիքում և մանկության ժամանակ: Եվ հիշեցնում է ,թե որքան կարևոր է պահպանել հավասարակշռությունը ներկա կյանքի և ներքին երեխայի միջև:Փորձեք հասկանալ,թե ինչպես կարող եք որպես հասուն մարդ զվարճանալ , հաճույք ստանալ և վայելել կյանքը /անկախ դժվարություններից/:

 

Ես սուպերհերոս եմ

Մտածեք տարբեր սուպերհերոսների մասին: Այնուհետև ընտրեք նրանցից մեկին կամ եթե դժվարանում եք ինքներդ հորինեք և նկարեք՝ կենտրոնանալով ուժի, արտաքին տեսքի, սուպեր կարողությունների  վրա:

Նկարն ավարտելուց հետո մտածեք ՝ինչու եք ընտրել հենց այդ հերոսին, ինչ յուրահատկություն և ուժ ունի նա,ինչպես է նա օգնում ուրիշներին:Արդյոք այդ հերոսը նման է Ձեզ և նրան,թե ինչպես եք Դուք օգնում ուրիշներին: Միգուցե սուպերհերոսի ուժը նման է Ձեր ուժին:

Այս վարժության նպատակը  ինքնագիտակցության ընդլայնումն է , ինքնագնահատակի բարձրացումը և ներուժի գիտակցումը:

Բարի նկարչություն