25Ապր
2017
0
collage

Կոլաժ

Կոլաժը  այն ստեղծագործությունն է ,որը պատրաստվում է զանազան նյութերից: Կոլաժ պատրաստելը հրաշալի մեթոդ է ինչպես արտ թերապևտիկ աշխատաքնում մեծահասակների և երեխաների հետ, այնպես էլ բոլոր տարիքի երեխաների հետ խմբային ստեղծագործական աշխատանքներում:

Կոլաժի ստեղծումը տալիս է ինքնաարտահայտման լայն հնարավորություն, քանի որ դրա պատրաստման համար կիրառվում են տարբեր նյութեր: Նաև այն չի առաջացնում լարվածություն ստեղծագործական հմտությունների հետ կապված:

Կոլաժ պատրաստելու համար կարելի է օգտագործել բազմազան նյութեր՝ ամսագրեր, ֆոտոնկարներ, բնական նյութեր, զանազան առարկաներ:

Կոլաժի թեմաները կարող են լինել բազմազան:Կոլաժը կարող է լինել կառուցվածքային և ոչ կառուցվածքային: Առաջին դեպքում մեծահասակին, երեխային կամ խմբին առաջարկվում է պատրաստել թեմատիկ կոլաժ ամսագրերից կտրատված նկարներով,օրինակ՝ հույզերի , նպատակների , երազանքների,  հանգստացնող կոլաժ, ակտուալ խնդրի և դրա լուծման կոլաժ և այլն: Իսկ ոչ կառուցվածքային կոլաժի դեպքում այցելուին առաջարկվում է պատրաստել ներքին հոգեվիճակի վերաբերյալ կոլաժ՝ օգտագործելով բազմազան նյութեր՝ լուսանկարներ, թելեր, կոճակներ, բնական նյութեր և այլն:

Թերապևտիկ աշխատանքում կարևոր է դիտել,թե ինչպես է այցելուն ստեղծում իր կոլաժը.արդյոք այն լիքն է,թե դատարկ, քաոտիկ է,թե ներդաշնակ և կառուցվածքային, արդյոք նկարները ամուր են սոսնձված, թե ոչ:Կարևոր են նաև նկարների դասավորությունը, հերթականությունը և միմյանց հետ կապը:

Այստեղ կներկայացնենք կոլաժի պատրաստման մի տարբերակ,որը շատ սիրում են երեխաները:

Կոլաժ պատրաստելու համար Ձեզ հարկավոր կլինեն.

  • Ստվարաթուղթ կամ կտավ
  • Ներկեր/գուաշ, ակրիլիկ/
  • Կոճակներ
  • Կտրատված պատկերներ/օրինակ՝ ամսագրերից/
  • Սոսինձ
  • Այլ նյութեր,որ երեխան կուզենա ավելացնել իր կոլաժին

Աշխատանքի ընթացքը.

  • Երեխային առաջարկեք ներկել ստվարաթուղթը կամ կտավը ՝ ստեղծելով հաճելի ֆոն հետագա աշխատանքների համար: Եթե ներկը շատ է արվում ,ապա այն կարող է ծառայել որպես սոսինձ, սակայան եթե ներկը բարակ շերտով է արվում, ապա սոսինձը հարկավոր կլինի:
  • Երբ ֆոնը արդեն պատրաստ է, կարելի է անցնել կոլաժի պատրաստմանը: Առաջարկեք երեխային կոլաժի համար նախատեսված նյութերը /գունավոր թղթեր, լուսանկարներ, կոճակներ… / սոսնձել ստվարաթղթի կամ կտավի վրա:Սկսեք մեծ նյութերից ՝աստիճանաբար անցնելով ավելի փոքր մասերի:
  • Երեխային խրախուսեք մտածել ,թե ինչ կոլաժ է դա, ինչի մասին է, ինչ է նա ուզում ստանալ արդյուքնում՝ խառնաշփոթից խուսափելու համար: Խրախուսեք,որ երեխան աշխատանքի ավարտին պատմի իր կոլաժի մասին:Կարելի է նաև որևէ պատմություն ստեղծել կոլաժի հիման վրա:

Բարի ընթացք