20Սպտ
2019
0
heart

Կրթելով սիրտը

Շատերդ կհամաձայնեք ինձ հետ ,որ ժամանակակից կրթությունը կենտրոնացած է ակադեմիական առաջընթացի, ձեռքբերումների, մտավոր ունակությունների զարգացման վրա:

Սակայն արի ու տես՝ գիտությունը ցույց է տալիս, որ այն երեխաները որոնք ունեն բարձր հուզական ինտելեկտ /EI/, ավելի մեծ հաջողություն են ունենում հետագայում,քան այն երեխաները,ովքեր ունեն միայն բարձր IQ:

Այսպիսով, ի՞նչ է հուզական ինտելեկտը:

Հուզական ինտելեկտը /emotional intelligence-EI/  սեփական և այլ մադկանց զգացմունքները ճանաչելու, հասկանալու, զգացմունքները կառավարելու, կարգավորելու ունակությունն է:

Հուզական ինտելեկտը կարևոր է երեխայի բնականոն զարգացման համար և հետագա կյանքի համար: Բնական է, որ հուզական ինտելեկտի զարգացումը ինքնաբերաբար տեղի չի ունենում: Երեխաները մեծերի աջակցության և ուղղորդման կարիքն են ունենում:

Եվ ծնողները երեխայի առաջին ուսուցիչներն են հույզերի ճանաչման, կարգավորման հմտությունների զարգացման գործում:

Ահա մի քանի կարևոր կետեր,որոնք կօգնեն զարգացնել երեխայի հուզական ինտելեկտը.

1.Տեղյակ եղեք երեխայի հույզերից

 Ծնողները պետք է գիտակից լինեն իրենց և երեխայի հույզերից: Հուզական ինտելեկտի առաջին բաղադրիչը հույզերը ճանաչելն ու գիտակցելն է: Մենք նախ պետք է ճանաչենք հույզերը, հետո նոր դրանք արտահայտենք և կարգավորենք: Սա հավասարապես վերաբերում է թե՛ երեխաներին, թե՛ մեծերին: Եթե հասկանանք՝ ինչ է կատարվում մեր ներսում, ինչ ենք զգում, ինչն է մեզ մոտ բարդ հույզեր առաջացնում, և հատկապես ինչ հույզեր է արթնացնում մեզ մոտ երեխայի այս կամ այն վարքը,ապա կկարողանանք նաև կարգավորելմեր հոգեվիճակը:

 

2.Հույզերը ընկալեք որպես հաղորդակցման և ուսուցման հնարավորություն

Երեխայի հույզերը մարտահրավեր կամ անհարմարություն չեն: Դրանք երեխայի հետ կապ հաստատելու և հույզերի կառուցողական արտահայտման հարցում նրան ուղղորդելու հնարավորություն են:

 

3.Լսեք հույզերը և ապրումակցեք

Ապրումակցել նշանակում է,որ Դուք ոչ թե համաձայն եք երեխայի հույզի հետ ,այլ որ Դուք նայում եք երեխայի տեսանկյունից:Ամենայն ուշադրությամբ լսեք երեխայի հուզական արտահայտումները: Վերադարձրեք նրան այն, ինչ լսեցիք ու տեսաք՝ ցույց տալով,որ հասկանում եք երեխայի հետ կատարվելիքը:

Օրինակ՝

«Դժվար է խաղը կիսատ թողնել ու գնալ դաս անելու, բայց հիմա ժամանակն է» 

« Կուզեիր,որ ես միշտ քո կողքին լինեի»

«Դու այնքան հիասթափված ես ընկերոջիցդ,որ չես ուզում նույնիսկ խոսել նրա հետ» 

«Դու այնքան զայրացած ես.,որ ուզում ես գոռալ ու լացել: Ես այստեղ եմ և պատրաստ եմ քեզ լսել: Բոլորն էլ երբեմն նման զգացմունքներ են ունենում»

 

4.Թույլ տվեք երեխային արտահայտել իր հույզերը

Երեխաներին դժվար է տարբերակել հույզը իրենց անձից: Եվ եթե մենք ճնշում ենք երեխայի հույզերը , արգելում , թերագնահատում ենք դրանք, ապա դրանով երեխային կարծես ասում ենք, որ զգալը ամոթ է,որ այն ինչ զգում ես, կարևոր չէ: Պատկերացրեք Ձեզ,երբ շատ հուզված եք: Իսկ Ձեր հարազատը ասում է ՝ ամոթ է: Ի՞նչ կզգայիք: Վստահ եմ,որ առնվազն չհասկացված կզգայիք Ձեզ: Նույնն էլ երեխան է զգում: Նա նման արձագանքից չի դադարում զգալ հույզերը,պարզապես նա սովորում է դրանք ճնշել: Իսկ ճնշված հույզերը երբեք չեն կորչում: Դրանք արտահայտվում են այլ կերպ՝ վախեր, սարսափ երազներ, տիկեր, ագրեսիվ վարք, հոգեմարմնական հիվանդություններ: Արդյունքում ճնշված հույզերը ավելի մեծ խնդիր են դառնում, քան հույզն ինքնին: Այսպիսով ՝սովորեցրեք երեխային,որ բոլոր հույզերը ընդունելի  և հասկանալի են:Բայց ոչ բոլոր վարքի ձևերն են ընդունելի:

Օրինակ ՝

«Դու այնքան զայրացած ես, որ եղբայրդ ջարդեց խաղալիքը: Հասկանալի է, բայց երբեք ճիշտ չի խփելը նույնիսկ եթե ահավոր զայրացած ես: Բառերով ասա եղբորդ ՝ինչ ես զգում»:

Բացի դա Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան հորդորում է զերծ մնալ երեխային հանգստացնելու տեխնիկական միջոցներից / մուլտեր, վիդեոխաղեր, հեռախոս/: Մեդիայի կիրառումը հանգստացնելու նպատակով առաջ է բերում խնդիրներ հույզերի ինքնակարգավորման հմտությունների զարգացման հարցում:

Երեխաները պետք է ունենան բարդ հույզերի փորձառություն,որպեսզի կարողանան զարգացնել ինքնակարգավորման հմտություններ և հուզական ինտելեկտ:

 

5.Միշտ անվանեք հույզերը և զարգացրեք երեխայի հուզական բառապաշարը

Որքան երեխան հստակ իմանա իր զգացմունքների անվանումները,այնքան ավելի ապահով ու ներդաշնակ իրեն կզգա:

 

6.Օգնեք երեխային խնդիրների լուծման հարցում ՝ դնելով սահմաններ

 Երեխային սովորեցրեք,որ բոլոր հույզերը ընդունելի են, բայց ոչ բոլոր վարքի ձևերն են ընդունելի: Առաջարկեք երեխային հաղթահարման կառուցողական  տարբերակներ:

Օրինակ՝

«Դու այնքան տխրեցիր,որ Անին չեկավ մեր տուն հիվանդության պատճառով: Դու իսկապես ուզում էիր իր հետ խաղալ: Երբ ցանկանաս, մենք կարող ենք միասին մտածել ինչ ուրիշ ուրախ բան կարող ենք անել այսօր»

«Դու իսկապես նեղվել ես,որ Դավիթը քեզ խաղալու հերթ չի տալիս: Այնքան ես նեղվել,որ այլևս չես ուզում նրա հետ խաղալ: Բայց նաև գիտեմ,որ քեզ դուր է գալիս նրա հետ խաղալը:Արի մտածենք ՝ ինչ կարող ես Դավիթին ասել,որ նա հասկանա թե ինչ ես զգում»

 

7.Խաղարկեք

Խաղալը միշտ լավ տարբերակ է երեխային օգնելու համար:Հիշեք, երբ երեխան բարդ ապրումներ ունի, նա Ձեզ չի ասելու արի խոսենք, նա ասելու է՝ արի խաղանք: Այնպես որ խաղացեք երեխայի հետ որքան հնարավոր է շատ: