22Հլս
2017
0
road

Հոգեթերապևտիկ պատմություն: Տառապե՞լ,թե գործել

Տառապե՞լ թե գործել: Սա հատված է Նոսրատ Պեզեշկիանի «Եթե ուզում ես ունենալ այն,ինչ երբեք չես ունեցել, ապա արա այն,ինչ երբեք չես արել : Պատմություններ և կյանքի իմաստություններ» գրքից:Այդ հատվածի թարգմանությունը կգտնեք ներքևում: Մինչ այդ մի փոքր հեղինակի մասին:

Նոսրատ Պեզեշկիանը պարսական ծագումով գերմանացի նևրոլոգ, հոգեբույժ և հոգեթերապևտ է,պոզիտիվ հոգեթերապիայի հիմնադիրը:

«Պոզիտիվ» բառը առաջացել է լատիներեն «positum» բառից և նշանակում է «փաստացի»: Իսկ պոզիտիվ հոգեթերապիայի համատեքստում պոզիտիվ ենթադրում է ոչ միայն առկա հիվանդությունը, խնդիրը,կոնֆլիկտը, այլ նաև դրանք հաղթահարելու հնարավորությունը, ինչպես նաև խնդիրը ոչ թե մենակով ,այլ հոգեթերապևտի հետ միասին լուծելու հնարավորությունը:

Նոսրատ Պեզեշկիանը հեղինակել է բազմաթիվ գրքեր,որոնց թվում են զանազան պատմություններին ,կյանքի իմաստություններին, արևելյան ավանդազրույցներին, առակներին և առասպեկներին նվիրված գրքերը: Այն ,որ Պեզեշկիանն անդրադարձել է միայն արևելյան պատմություններին սկզբունքային նշանակություն չունի: Այլ երկերների պատմությունները ևս ունեն նույն բժշկող, ուսուցանող և հոգեթերապևտիկ նշանակությունը:

Պեզեշկիանը պատմությունները կիրառում էր հոգեթերապիայում և համարում էր ,որ դրանք պատմում են միջանձնային հարաբերությունների, կյանքի զանազան բարդությունների մասին : Իսկ այցելուն , լսելով այդ պատմությունները ,հնարավորություն է ունենում ավելի հանգիստ վերաբերվել այդ դժվարություններին և բացահայտել դրանց պատճառները:

Պեզեշկիանը պատմությունները համարում էր « կյանքի ուսուցիչներ»,որոնք հին ժամանակներից սկսած , մինչև հոգեբանական գիտության առաջացումը, մարդիկ կիրառում էին որպես ժողովրդական հոգեթերապիայի միջոց իրենք իրենց և ուրիշներին օգնելու համար: Իսկ Պեզեշկիանը առաջիններից էր,ով այդ պատմությունները նպատակային և ուղղորդված սկսեց կիրառել հոգեթերապիայում:

Եվ այսպես, Պեզեշկիանի գրքերով ուգեշնչված, որոշեցի թարգմանել մի փոքրիկ հատված «Եթե ուզում ես ունենալ այն,ինչ երբեք չես ունեցել, ապա արա այն,ինչ երբեք չես արել : Պատմություններ և կյանքի իմաստություններ» գրքից:

Այս հատվածը կյանքի դժվարությունների և դրանց հաղթահարման ճանապարհների, կյանքի ընկալման մասին է,ինչպես նաև գեղեցիկ կերպով ցույց է տալիս մարդու անձնային զարգացման և աճի ուղին:

Տեսարան 1

Ես քայլում եմ փողոցի երկայնքով

Եվ հանկարծ տեսնում եմ մայթին մի խորը փոս:

Ես ընկնում եմ փոսի մեջ:

Ես կորած եմ:Ես հույս չունեմ:

Սա իմ մեղքը չէ:

Անսահման շատ ժամանակ կպահանջվի դուրս գալու համար:

 

Տեսարան 2

Ես քայլում եմ նույն փողոցով

Եվ հանկարծ տեսնում եմ մայթին մի խորը փոս:

Ես պահում եմ ինձ այնպես, կարծես չեմ տեսել փոսը:

Ես կրկին ընկնում եմ:

Չեմ կարող հավատալ,որ նորից նույն տեղում հայտնվեցի:

Սակայն սա իմ մեղքը չէ:

Դեռևս  շատ ժամանակ է պետք դուրս գալու համար:

 

Տեսարան 3

Ես քայլում եմ նույն փողոցով:

Եվ հանկարծ տեսնում եմ մայթին խորը փոս:

Ես գիտակցում եմ:

Բայց, այնուամենայնիվ, կրկին ընկնում եմ փոսի մեջ…սովորույթի համաձայն:

Իմ աչքերը բաց են:

Ես գիտեմ ՝որտեղ եմ:

Սա իմ մեղքն է:

Ես միանգամից դուրս եմ գալիս փոսից:

 

Տեսարան 4

Ես քայլում եմ նույն փողոցով:

Եվ հանկարծ տեսնում եմ մայթին խորը փոս:

Ես շրջանցում եմ այն:

 

Տեսարան 5

Ես քայլում եմ այլ փողոցով: