21Փտր
2017
0
agression

Մանկական ագրեսիա

Ագրեսիան բնական վիճակ է, որը հատուկ է բոլորիս: Երեխայի կյանքում այն կարող է երկու դեր խաղալ ՝ դրական և բացասական: Այն դրական առումով կարող է դրսևորվել  նախաձեռնողականության  և ակտիվության ձևով: Իսկ բացասական առումով ՝ չլսելու և հակազդելու եղանակով:Ագրեսիան դեպի դրական կողմ ուղղորդելու համար նախ և առաջ պետք է հասկանալ ագրեսիայի բնույթը:

 Ագրեսիան առաջին հերթին ներքին անհանգստության արդյունք  է: Այդ պատճառով ագրեսիվ երեխաներին հատուկ է տագնապայնության բարձր մակարդակը, մերժվածության զգացումը, արտաքին աշխարհի անարդարության զգացումը, և ցածր ինքնագնահատականը: Ագրեսիվ վարքը կարող է  լինել նաև ուշադրություն գրավելու  միջոց և սեփական հույզերը արտահայտելու անկարողության հետևանք:

Երեխայի ագրեսիվ վարքի պատճառներն են.

  • Արտաքին աշխարհի հանդեպ անվստահությունը.հատկապես, եթե կան կոնֆլիկտներ ընտանիքում
  • Երեխայի ցանկությունների, պահանջմունքների չբավարարումը
  • Երեխայի ինքնուրույնության, անկախության ճնշումը

  Ագրեսիայի արտաքին աղբյուրներն են.

  • Ընտանիք: Երբ ընտանիքում անդամներից մեկը, հատկապես ծնողները դրսևորում են ագրեսիա, ապա երեխայի մոտ ևս ամրապնդվում է նման վարքագիծ
  • Այլ երեխաների վարքը
  •  Կերպարներ, որոնց երեխան տեսնում է համակարգչով և հեռուստատեսությամբ:

Ի՞նչ անել,եթե երեխան դրսևորում է ագրեսիվ վարք

  • Առաջին հերթին երեխայի հանդեպ պետք է դրսևորել սեր և ուշադրություն: Մի կիրառեք սպառնալիքներ Ձեր անհամաձայնությունը կամ ջղայնությունը արտահայտելու համար , օրինակ ` «Եթե այսպես պահես, ես կգնամ տնից» : Դրական հետադարձ կապը երեխայի ագրեսիայի կամ ջղայնության դեմ պայքարի համար ամենաարդյունավետ միջոցն է:
  • Երեխաները սիրում են նմանակել: Հետևե′ք ինչպես եք խոսում, վարվում:Եղե′ք նրա համար լավ օրինակ: Քանի որ երեխաները սովորում են սոցիալական շփման հնարները հենց դիտման արդյունքում: Եվ եթե երեխան տեսնում է ագրեսիվ վարքով ծնողին, ապա կրկնօրինակում և յուրացնում է  նման վարքագիծը:
  • Զրուցեք երեխայի հետ, սա շատ օգտակար փորձ կարող է լինել նրա համար հետագայում սեփական խնդիրները լուծելու համար:Զրույցն օգնում է երեխային հասկանալ թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները:Զրույցը պետք է սկսել,երբ ջղայնությունը անցել է , երբ իրավիճակը հանդարտվել է: Զրուցելիս եղեք երեխայի հետ նույն մակարդակի վրա՝ աչքի կոնտակտը պահպանելով: Խոսեք պարզ և հստակ սեփական անհամաձայնությունը արտահայտելիս: Ձեր աչքերում չպետք է լինի նյարդայնություն և չարություն:
  • Նման իրավիճակներում միշտ նույն կերպ վարվեք և խնդրեք , որ շրջապատը ևս նույն կերպ վարվի:
  • Գիշերային ժամերին խուսափեք կռիվներից, երեխան չպետք է ջղայնացած և լարված քնի:
  • Երբեք մի խփեք երեխային . դրանից այդ պահին ծնողը կարող է թեթևություն զգալ, բայց հետո ուժեղ մեղքի զգացում կունենա, որը կարող է խորացնել բռնությունը:
  • Հազվադեպ ասեք «ոչ» , միայն խիստ անհրաժեշտ դեպքերում՝ մատնանշելով, որ շատ բաներ են թույլատրվում, բայց ոչ ամեն բան:
  • Երեխայի ագրեսիվության մասին վաղ ենթադրություններ պետք չի անել, դա ընդամենը կարող է լինել ինչ որ իրավիճակի հանդեպ ինքնաբուխ դժկամության  հակազդում :
  • Երբեմն ավելի հեշտ է չհրահրել երեխայի ջղայնությունը: Օրինակ` մի՛ ծաղրեք կամ վիրավորեք երեխային, թեկուզ կատակով: Կամ որպես պատիժ նրան անկյուն մի կանգնեցրեք:Ավելի լավ է նրան ասել,որ գնա իր սենյակը, այնտեղ հանգստանա ու նոր վերադառնա:  Ուտելիս մի՛ քննարկեք վտանգավոր թեմաներ ,որոնք կարող են վեճ առաջացանել: Ուտելը պետք  է երեխայի մոտ հաճելիի հետ ասոցացվի:
  • Ագրեսիվ դրսևորումները պետք չէ ճնշել: Քանի որ ճնշված ագրեսիվ իմպուլսները կարող են վնասել երեխայի առողջությանը: Պետք է սովորեցնել երեխային արտահայտել սեփական ագրեսիվ մղումնեը կառուցողական ձևով : Այստեղ կարող են օգնել  նկարչությունը, ծեփը, սպորտը, խաղը: Կարելի է հատուկ ջղայնության բարձ ունենալ, որի հետ կարելի կլինի անել ամեն բան` խփել, գցել և այլն:
  • Ագրեսիայի հաղթահարման գործում կարող են օգնել նաև հեքիաթները: Կարելի եք հորինել հեքիաթ հենց երեխայի մասին, ով ագրեսիվ է  և անպայման առաջարկել լուծման եղանակներ:
  • Եթե երեխան ջղայնանում է , գոռում, բռունցքներով հարձակվում է Ձեզ վրա, գրկեք նրան և աստիճանաբար հանգստացրեք:  Գրկելը նման իրավիճակներում կարևոր է , քանի որ դրանով երեխային ցույց է տրվում , որ դուք կարող եք վերահսկել նրա ագրեսիան, և հետևաբար նրա ագրեսիան մի բան է , որը կարող է հաղթահարվել: Բացի դա երեխան աստիճանաբար յուրացնում է զսպման ունակությունը: Ավելի ուշ, երբ նա կհանգստանա, զրուցեք նրա հետ. երեխան պետք է ունենա այն զգացումը, որ Դուք նրա կողքին եք, և պատրաստ եք  լսել նրան:
  • Երեխային պետք է ցույց տալ ագրեսիվ վարքի անարդյունավետությունը : Պետք է բացատրել , որ նույնիսկ եթե սկզբում նմանատիպ վարքի միջոցով նա կարող է հասնել իր նպատակին, բայց ի վերջո դա կհանգեցնի հենց երեխայի համար ոչ ցանկալի հետևանքների ` մենակության, պատժի և այլն:
  • Պետք է հստակ սահմանել կանոններ երեխայի համար հասանելի ձևով: Օրինակ ` «մենք ոչ մեկին չենք խփում» , կամ «եթե դու ուզում ես որևէ խաղալիքով խաղալ, բայց հիմա ուրիշ երեխա է խաղում դրանով, պետք է սպասել…» և այլն:
  • Մի՛ մոռացեք խրախուսանքի մասին: Խրախուսանքը, ինչպես և կանոնը և սահմանափակումը պետք է լինի հստակ: Այսինքն երեխան պետք է իմանա ինչի համար է խրախուսվում: Ավելի լավ է ասել ոչ թե « Լավ տղա ես, կամ աղջիկ» այլ կոնկրետ մատնանշել վարքը ` «Ինձ դուր եկավ , թե ինչպես վարվեցիր…», կամ « Ինձ շատ հաճելի էր, երբ այսօր դու խաղալիքներով կիսվեցիր եղբորդ հետ և ոչ թե կռվեցիր»:
  • Եթե երեխան ագրեսիվ վարք է դրսևորել ուրիշների ներկայությամբ, պետք է ներողություն խնդրել և առանձնանալ երեխայի հետ: Պետք չէ ուրիշների ներկայությամբ զրուցել կամ պարզել պատճառները: Եվ զրույցում պետք է հնարավորինս խուսափել հուզական բառերից `ամոթ, մեղավոր և այլն..:
  • Եվ վերջում հիշեք, որ կան երեք հնարքներ, որոնք երբեք պետք  չէ կիրառել երեխայի նկատմամբ, եթե չեք ուզում, որ նա սովորի դրանք. Սուտը,Բղավոցը, Վիրավորական բառերը:

Հիշեք,որ ագրեսիան ոչ միայն դեստրուկտիվ վարք է, այլև մեծ ուժ, որը կարող է դառնալ կառուցողական գործողությունների կարևոր աղբյուր: Երեխային շրջապատող մեծահասակների հիմնական խնդիրը երեխային օգնելն է այդ ուժի հետ գործ ունենալ և համագործակցել: