03Ապր
2017
0

Մանկական արտ թերապիա

Ծնողները հաճախ շատ հարցեր են ունենում մանկական արտ թերապիա հասկացության և դրա արդյունավետության վերաբերյալ: Նրանք հաճախ կարող են թերահավատորեն մոտենալ թերապևտիկ այս մեթոդին՝ հարցնելով . «ի՞նչպես կարող է արտ թերապիան օգնել իմ երեխային:Չ՞է որ դա միայն արվեստ է և ձեռքի աշխատանք»: Կամ ծնողի մոտ կարող է սխալ պատկերացում ձևավորվել արտ թերապիայի և արտ թերապևտի վերաբերյալ. նրանք սխալմամբ կարող են մտածել,որ արտ թերապևտը արվեստի ուսուցիչ է: Սակայն իրականությունը փոքր-ինչ այլ է. արտ թերապիայում արվեստը ստեղծվում է թերապևտիկ հարաբերությունների համատեքստում և արտ թերապիան երեխայի հետ ունի հստակ նպատակներ՝ երեխայի ակտուալ խնդիրների լուծում և ինքնաճանաչում:

Արտ թերապիայի վերաբերյալ մեկ այլ թյուրըմբռնում ևս կա. այն հաճախ նույնացնում են խաղային թերապիայի հետ: Իրականում այս երկուսը ունեն շատ նմանություններ:Օրինակ, խաղային թերապևտը իր աշխատանքում բազմաթիվ արտ նյութեր և տեխնիկաներ կարող է կիրառել: Իսկ արտ թերապևտը իր հերթին երեխայի հետ աշխատանքում կիրառում է  խաղեր, խաղալիքներ, տիկնիկները՝ դրանով իսկ հարստացնելով և լրացնելով թերապիայի ընթացքը և նպաստելով երեխայի ստեղծագործական ինքնաարտահայտմանը: Չնայած այս ընդհանրություններին, թերապիայի ընթացքում ստեղծագործական գործունեությունը տարբերվում է խաղից, քանի որ արտ թերապիան խրախուսում է շոշափելի , իրական գործերի ստեղծումը:

Արտ թերապևտը օգնում է, որպեսզի երեխան իր փորձառությունը,ընկալումները, զգացմունքները, մտքերը, երևակայությունը դարձնի տեսանելի:

Ստորև կներկայացնենք  արտ թերապիայի մի քանի բնութագրիչներ, որոնք պայմանավորում են արդյունավետ մանկական արտ թերապիա.

  • Արտ թերապիան ոչ խոսքային, զգացմունքների վրա հիմնված հաղորդակցում է: Երեխաները հիմնականում դժվարանում են խոսքով բացատրել և արտահայտել իրենց զգացմունքները, մտքերը, ընկալումները:Իսկ արտ թերապիան, լինելով ոչ խոսքային հաղորդակցման միջոց,նրանց հնարավորություն է տալիս արտահայտելու, այն,ինչ դժվար է արտահայտել խոսքով:Սա հատկապես կարևոր է այն երեխաների համար ,ովքեր ապրել են հոգեբանական տրավմա, օրինակ՝ բռնության պարագայում:
  • Արվեստի միջոցով ինքնաարտահայտումը, մասնավորապես նկարչաթերապիան, օգտակար տեղեկություն է տալիս երեխայի աճի և զարգացման վերաբերյալ: Սա հատկապես վերաբերվում է մինչև տասը տարեկան փոքր երեխաներին: Նկարչության միջոցով հնարավոր է պատկերացում կազմել երեխայի հուզական փորձառության, մտավոր զարգացվածության վերաբերյալ:
  • Արտ թերապիան նպաստում է ինքնակարգավորմանը: Նեյրոհոգեբանության մասնագետները նշում են ,որ թերապևտիկ միջավայրում արվեստի կիրառումը օգտակար է երեխաների համար: Այսպես, ստեղծագործական ինքնաարտահայտումը նպաստում է տրամադրության բարելավմանը, մարմնի և մտքի խաղաղեցմանը:
  • Արտ թերապիան հնարավորթյուն է տալիս օգտագործել փոխաբերությունը՝ մետաֆորան, և դրա միջոցով իմաստավորել թերապիայի ընթացքում արված ստեղծագործությունը: Արտ թերապիան միայն ստեղծագործական գործընթացը չէ, այն ենթադորւմ է նաև զրույց ստեղծագործության մասին, իսկ երեխաների հետ դա կարող է լինել հեքիաթի հորինում նկարի, կոլաժի, կավով արված աշխատանքի վերաբերյալ: Երեխաներին հոգեհարազատ է փոխաբերությունը. դա նրանց հնարավորություն է տալիս ապահով կերպով պատմել իրենց հուզող հարցերի, մտքերի , կենսափորձի վերաբերյալ:
  • Արտ թերապիան «հաղորդակցման» թերապիա է: Այն ակտիվ, զգայությունների վրա հիմնված հաղորդակցում է թերապևտի և երեխայի միջև:

Մանկական արտ թերապիայի հաջողության հիմնական գրավականը կայանում է նրանում, որ այն շատ մոտ է երեխայի բնույթին: Նկարչությունը, խաղը և մնացած արտ թերապևտիկ մեթոդները մանկական կյանքի բնական և անբաժանելի մասնիկներն են: