19Հնվ
2018
0
anger

Մանկական զայրույթի հաղթահարման մի քանի վարժություններ

Մանկական զայրույթը հաճախ հանդիպող երևույթ է: Երեխաները զայրանում են և դա բնական է: Շատ ծնողներ փորձում են ճնշել երեխայի զայրույթի ցանկացած արտահայտում՝ պատճառաբանելով,որ ամոթ է, չի կարելի և այլն: Բայց նման մոտեցումը, հայտնի է, օգուտ չի բերում:Երեխան շարունակում է զայրանալ  կամ ահռելի ջանքեր է գործադրում իր զայրույթը ճնշելու համար,որպեսզի գոհացնի իր ծնողներին: Բայց արի ու տես ,որ ճնշված զայրույթը , այնուամենայնիվ, ինչ որ այլ ճանապարհով արտահայտվում է՝ վախ, լարվածություն, վատ ինքնազգացողություն և այլն:

Ծնողի ամենակարևոր խնդիրներից մեկը երեխային սովորեցնելն է գործ ունենալ բացասական հոգեվիճակների և հույզերի հետ ՝ առանց դրանք ճնշելու: Զայրույթի հետ գործ ունենալ նշամակում է երեխային սովորեցնել  ընդունել զայրույթը որպես բնական հույզ, սովորեցնել ճանաչել զայրույթի նշանները,  այն առաջացնող պատճառները և օգնել երեխային մշակել զայրույթի արտահայտման կառուցողական, չվնասող միջոցներ:

Այստեղ կներկայացնեմ մի քանի պարզ խաղային և ստեղծագործական վարժություններ,որոնք ուղղված են ֆիզիկական ,խոսքային ագրեսիայի հաղթահարմանը և լարվածություն լիցքաթափմանը:

Ահավոր գեղեցիկ նկար

Երեխային առաջարկում ենք նկարել որևէ «ահավոր» նկար: Այնուհետև երեխան նկարը պետք է փոխանցի  հոգեբանին,ծնողին, ով պետք է նկարը գեղեցկացնի: Այդպես մի քանի անգամ նկարը փոխանցում ենք իրար:Իսկ վերջում  երեխան է սկսում «ահավոր» նկարը գեղեցկացնել:

Ջղայնության բարձ

Երեխային առաջարկում ենք բարձը մի լավ թափահարել, հարվածել այնպես,որ փոշին դուրս գա:

Մանկական ֆուտբոլ

Այս ֆուտբոլում գնդակի փոխարեն բարձ ենք օգտագործում: Մասնակիցները երկու թիմի են բաժանվում: Մասնակիցների քանակը երկուսից սկսած կարող է լինել: Բարձը կարելի է ձեռքով, ոտքով հարվածել, խլել միմյանցից: Նպատակը,իհարկե, գոլ խփելն է:

Բղավոց

Երեխան պետք է  խորը շունչ  քաշի և բղավի բարձի, տոպրակի, կամ միանվագ բաժակի մեջ:

Նկարել հույզը

Երեխային առաջարկում ենք նկարել իր հույզը ,տրամադրությունը: Նախապես կարելի է զրուցել հույզերի տեսակների մասին և անդրադառնալ երեխայի զայրույթին: Երեխան կարող է ընտրել այն գույնը,որն ըստ նրա ամենից լավ է արտահայտում զայրույթը և այնուհետև նկարել :

Բարկության հակազդում մարմնով

Երեխային առաջարկում ենք պատկերացնել այն մարդուն կամ իրավիճակը,որն իրեն բարկացնում է: Երեխան պետք է ուշադիր հետևի իր մարմնական զգայություններին և նշի մարմնի որ մասում են  ավելի ուժեղ դրանք: Հետո երեխան մարմնի, շարժումների միջոցով պետք է արտահայտի իր բարկությունը:

Զայրույթի նամակ

Երեխային առաջարկում ենք նամակ գրել այն մարդում, ում հանդեպ նա զայրույթ է զգում: Երեխան պետք է մանրամասնորեն նկարագրի իրավիճակը, բացատրի ինչու է զայրացել :Վերջում երեխան որոշում է ,թե ինչ անել այդ նամակի հետ՝ պատռել, գցել, այրել և այլն:

 

Ձեզ կարող է նաև հետաքրքրել մանկական ագրեսիայի մասին հոդվածը: