20Փտր
2017
0

Մանկական նկարների նշանակությունը

Մանկական նկարները երկար ժամանակ է, ինչ հետաքրքրում են հոգեբաններին, քանի որ դրանք հանդիսանում են երեխայի հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրման միջոց: Կան հատուկ մշակված բազմաթիվ պրոյեկտիվ թեստեր,որոնք թույլ են տալիս ուսումնասիրել այս կամ այն անհատական առանձնահատկությունը նկարչության միջոցով: Եվ դրանք մեկնաբանվում են ըստ որոշակի չափանիշների: 

Իսկ մեր առօրյա կյանքում ակնհայտ է,որ երեխաները շատ սիրում են նկարել:Նրանց համար նկարչությունը յուրահատուկ լեզու է:Բոլոր երեխաները ունեն նկարելու  ձգտում .դա նրանց համար ոչ թե արվեստ է, այլ խոսք:Նկարչության միջոցով երեխան կարողանում է արտահայտվել, այն ինքնաբուխ է , չի պահանջում կամային և ինտելեկտուալ ջանքեր:Այն իր բնույթով նման է խաղին և հետևաբար երեխայի համար արտահայտվելու, դրսևորվելու առավել հետաքրքիր , հաճելի և բնական տարբերակ է: 

Երեխայի կողմից շրջապատի գիտակցումը ավելի արագ է տեղի ունենում, քան բառապաշարի զարգացումը: Իսկ նկարչությունը առավել հեշտ  տարբերակն է արտահայտելու այն ,ինչ երեխան գիտի իր շրջապատի մասին, այն , ինչ զգում է:Այսինքն, նկարչությունը լրացնում  է բացակայող բառերը, լրացնում է խոսքը:

 Բացի դա նկարչությունը զարգացնող դեր ունի երեխայի համար: Կապված լինելով  ձեռքի աշխատանքի հետ՝ նկարչությունը ձեռքը վերածում է խոսքի օրգանի: Նկարչությունը զարգացնող դեր ունի նաև  տեսողության, շարժողական կոորդինացիայի, խոսքի , մտածողության, երևակայության համար:Այն նաև համաձայնեցնում է միջկիսագնդային փոխազդեցությունը:

Այսպիսով, մանկական նկարները  մասնագետների համար կարող են ծառայել որպես ախտորոշիչ և թերապևտիկ միջոց,իսկ առօրյա կյանքում նկարչությունը նպաստում է երեխայի ընդհանուր զրգացմանը: Մանկական նկարները յուրահատուկ պատմություններ են երեխայի զարգացման, հուզական վիճակի, ընդհանուր հոգեբանական վիճակի մասին:Եվ անշուշտ նկարչությունը պետք է լինի երեխայի առօրյա զբաղմունքների ցանկում:

Բարի նկարչություն: