10Օգս
2017
0

Մանկական նկարչության զարգացման փուլերը

Մանկական նկարչությունը պատմում է երեխայի զարգացման ընթացքի, նրա հուզական , մտավոր, ֆիզիկական փորձառության մասին: Մանկական նկարչությունը անցնում է զարգացման իր յուրահատուկ փուլերը,որոնք համամարդկային և համընդհանուր են, իսկ այդ փուլերից շեղումները կարող են հուշել երեխայի զարգացման բնականոն ընթացքի խաթարումների մասին:

Մանկական նկարներում յուրահատուկ կերպով արտացոլվում է երեխայի հոգեբանական զարգացումը: Օրինակ,կրտսեր նախադպրոցական տարիքում երեխաները կոնկրետ բաներ դեռևս չեն նկարում. նրանք չունեն դրա համար ֆիզիկական , մտավոր համապատասխան ունակություններ: Նրանք նկարում են պարզ, ոչ կոնկրետ պատկերներ, հիմնականոմ իզոլացված պատկերներ: Այսպես, այս տարքիում երեխաները գրեթե չեն նկարում մի քանի մարդ կամ մի քանի կենդանի մի նկարում: Նրանց նկարները պատմում են մեկ կերպարի մասին: Նման իզոլացվածությունը ոչ թե երեխայի միայնության նշան է,այլ այդ տարիքին հատուկ էգոցենտրիզմի վառ դրսևորում:Իսկ ահա կրտսեր դպրոցական տարիքից սկսած երեխան արդեն սկսում է նկարել մարդկանց խմբավորումներ, քանի որ երեխան մուտք է գործում ավելի մեծ խումբ և սովորում է համագործակցել և խմբային աշխատել:

Մանկական արվեստի ուսումնասիրությունները թույլ են տալիս գիտելիք ստանալ ինչպես երեխայի նորմալ զարգացման , այնպես էլ զարգացման շեղումների մասին: Դրանք թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել երեխայի զարգացման փուլի և նկարչական հմտության զարգացման միջև: Նման գիտելիքները շատ կարևոր են արտ թերապևտների համար, մասնավորապես երեխաների հետ աշխատող արտ թերապևտների համար:

Մի շարք տեսություններ կան մանկական ստեղծարարության զարգացման վերաբերյալ և դրանցից մեկը, որը մեծ ազդեցություն ունեցավ արտ թերապիայի զարգացման համար Վիկտոր Լովենֆելդի ՝ գեղարվեստական զարգացման փուլերի մասին տեսությունն է:

Վիկտոր Լովենֆելդը (1903-1960) ավստրիացի արվեստի մանկավարժ էր:owenfeld Մանկության տարիներին նա զբաղվում էր երաժշտությամբ և նկարչությամբ, ինչը թերևս որոշեց նրա հետագա մասնագիտությունը: Լովենֆելդը աշխատել է զանազան խնդիրներ ունեցող երեխաների հետ՝ հավաքագրելով մանկական նկարների մի մեծ հավաքածու, որի ուսումնասիրությունն էլ  /գույն, ձև,թեմա, բովանդակություն, կազմակերպվածություն/ նրան թույլ տվեց զուգահեռներ անցկացնել մանկական նկարի և երեխայի մտավոր, հուզական զարգացման միջև: Որպես այդ ուսումնասիրության արդյունք՝ նա մշակեց մանկական նկարչության զարգացման փուլերի մասին տեսությունը, որը ներկայումս կարող է պարզ թվալ , բայց միևնույն ժամանակ այն լավ ուղեցույց կարող է հանդիսանալ երեխաների հետ արտ թերապևտիկ աշխատանքում ՝գնահատման և բուն թերապիայի փուլերում : Ինչպես նաև այս փուլերի մասին իմացությունը օգտակար կլինի  նկարչության ուսուցիչներին և ծնողներին:

1947 թվականին Լովենֆելդը տպագրեց «Ստեղծագործական և մտավոր աճ» գիրքը ,որում և նկարագրեց մանկական գեղարվեստական զարգացման վեց փուլեր, որոնք հեշտությամբ կարելի է տեսնել երեխաների նկարներում:

Խզբզոցի փուլ (1-3 տարեկան երեխաներ) 

Երեխաներին այս փուլում հետաքրքիր է նկարչության ֆիզիական կողմը: Այս փուլում երեխան բացառապես հաճույք է ստանում ստեղծագործական գործընթացից, իսկ արդյունքը նրան հետաքրքիր չէ:Stages-of-artistic-development-stage-1

Նախասխեմատիկ փուլ (3-4 տարեկան երեխաներ)

Այս փուլում երեխաները սկսում են բացահայտել իրենց նկարած պատկներների և արտաքին աշխարհի առարկաների միջև նմանություններ և կապեր: Երեխաները հաճախ նկարում են շրջաններ և գծեր, որոնք նմանեցնում են մարդկանց, կենդանիների կամ այլ առարկաների ,որոնք իրենց շրջապատում են:Stages-of-artistic-development-stage-2

Սխեմատիկ փուլ (5-6 տարեկան երեխաներ)

Այս փուլում երեխան սկսում է կոնկրետ պատկերներ անել՝ օգտագործելով երկրաչափական մարմինները, հստակ տարբերակում է երկինքը հողից:Երկինքը նկարվում է կապույտ գծով, իսկ հողը ՝ կանաչ գծով: Մնացած օբյեկտները տեղակայվում են այդ կանաչ գծի վրա՝ ի տարբերություն նախորդ փուլի, երբ պատկերները կարծես օդի մեջ լինեն: Նկարի առավել կարևոր մասերը նկարվում են ավելի մեծ ՝մնացած ավելի քիչ կարևոր մասերի համեմատ: Նկարները այս փուլում աչքի են ընկնում կառուցվածքով ու կազմակերպվածությամբ:Stages-of-artistic-development-stage-3

Ռեալիզմի ծնունդը (7-9 տարեկան երեխաներ)

Այս փուլում երեխան սկսում է քննադատորեն վերաբերվել իր նկարներին՝ ձգտելով իրականությանը հնարավորինս մոտ պատկերներ ստանալ:Stages-of-artistic-development-stage-4

Կեղծ նատուրալիստական փուլ (10-13 տարեկան երեխաներ) 

Այս փուլում ևս երեխան ձգտում է ռեալիստական պատկերներ ստանալ:Նրա համար չափազանց կարևոր է դառնում վերջնական արդյունքը և հաջողությունը, որը որոշվում է վերջնական արդյունքի ճշգրտության, ռեալիզմի աստիճանով:Stages-of-artistic-development-stage-5

Որոշման փուլ (13-16 տարեկան երեխաներ)

Այս փուլում արդեն դեռահասները սկսում են հասկանալ ,որ նկարչությունը հմտություն է, որը պահանջում է աշխատանք: Ոմանք, ովքեր ունեն հետաքրքրություն, շարունակում են աշխատել և փորձել նկարել, իսկ մյուսները սկսում են համարել, որ նկարչությունը հմտություն է,որը նրանք չունեն: Այս փուլում, ըստ Լովենֆելդի, կարևոր է խրախուսել դեռահասներին ՝ անկախ նրանց նկարչական ունակությունների մակարդակից:Stages-of-artistic-development-stage-6

Ինչպես նշում է Լովենֆելդը՝ արվեստը ուսուցման միջոց է և ոչ թե մի բան ,որը պետք է սովորեցնել: