08Հնս
2018
0
kintergarden

Մանկապարտեզը և երեխաները

Յուրաքանչյուր երեխայի համար մանկապարտեզ գնալը սթրես է՝ անկախ նրանից դա արտահայտվում է վարքում ,թե ոչ: Կան երեխաներ, որոնք իրենց անհատական առանձնահատկությունների շնորհիվ շատ հեշտ, գրեթե առանց խնդրի միանգամից հարմարվում են նոր միջավայրին, մյուսներին պահանջվում է շատ երկար ժամանակ հարմարվելու համար: Կան նաև երեխաներ,որոնք այդպես էլ չեն հարմարվում, և ծնողները ստիպված փնտրում են այլ մանկապարտեզներ կամ խմբակներ:

Հարմարման դժվարությունների մասին կարող են խոսել երեխայի վարքում փոփոխությունները, ախորժակի, քնի փոփոխությունները, նյարդայնությունը, հատկապես երեկոյան ժամերին:Նույնիսկ եթե վարքային ոչ մի փոփոխություն չկա, բայց երեխան հաճախակի հիվանդանում է, ապա դա ևս կարող է խոսել հարմարման դժվարությունների մասին:Սթրեսը թուլացնում է իմունիտետը և հանգեցնում հաճախակի հիվանդանալուն:

Հաճախ հարցնում են, թե որ տարիքից է ճիշտ երեխային մանկապարտեզ տանել: Հիմա միտում կա շատ շուտ տարիքից տանել: Նույնիսկ երկու տարեկանը չլրացած երեխաներին երբեմն տանում են մանկապարտեզ: Արդյո՞ք սա ճիշտ է:

Եթե առաջնորդվենք երեխայի պահանջմունքներով, ապա մանկապարտեզ հաճախելու ամենահարմար տարիքը 3-4 տարեկանն է:Հենց այս տարիքում է,որ երեխան իսկապես պատրաստ է նոր միջավայրին,պատրաստ է առանց մայրիկի որոշ ժամանակ մնալ և ամենակարևորը հենց այդ տարիքում է,որ երեխայի մոտ այլ երեխաների հետ շփվելու և խաղալու պահանջ է առաջանում  : Եթե նկատեք, ապա կտեսնեք ,որ մինչև երեք տարեկան երեխաները մանկապարտեզ հաճախելով հիմնականում չեն խաղում ուրիշ երեխաների հետ, նրանք նախընտրում են իրենք իրենցով խաղալ: Իսկ ահա չորս տարեկանին մոտ երեխաները իսկապես ուզում են խաղալ ուրիշների հետ: Նրանք արդեն դերային տարբեր խաղեր են սկսում խաղալ,որտեղ նրանց անհրաժեշտ է խաղընկերներ:

Հասկանալի է,որ մեր օրերում մայրիկներն էլ շատ զբաղված են լինում, աշխատում են և իրենց պարզապես անհրաժեշտ է ,որպեսզի փոքրիկը գնա մանակապարտեզ: Սակայն եթե հնարավորություն ունեք երեխային 3-4տարեկանում մանկապարտեզ տանելու, ապա արեք հենց այդպես:

Հաջորդ հարցը,որ հաճախ հետաքրքրում է ծնողներին՝ ինչու են որոշ բալիկներ դժվարությամբ հարմարվում մանկապարտեզին: Այստեղ պատճառները շատ են և երեխայի համար սթրեսի աղբյուր կարող են շատ գործոններ հանդիսանալ: Առաջին և ամենակարևոր կետը առանց մայրիկի կամ հարազատի նոր միջավայրում լինելն է: Երեխաները ,հայտնվելով նոր միջավայրում առանց հարազատի, կարող են անապահովության զգացում ունենալ: Հարմարավելու, շփվելու համար երեխաներին հարկավոր է հուզական ջերմություն, սեր և աջակցություն: Այդ պատճառով երբ սկսում եք հաճախել մանակպարտեզ, որոշ ժամանակ, առնվազն մեկ շաբաթ, գնացեք երեխայի հետ:Այդպես երեխան ավելի հեշտ կհարմարվի:

Եվ այսպես,ինչպե՞ս օգնել երեխային հարմարվել մանկաապարտեզին: Ահա մի քանի խորհուրդ.

  • Ուշադիր եղեք երեխայի վարքային փոփոխություններին և առողջությանը: Արդյո՞ք երեխայի վարքը փոխվել է , դարձել է ավելի նյարդային, խանգարվել է ախորժակը, քունը: Կամ նկատու՞մ եք հաճախակի հիվանդացություն: Եթե այս ամենը չի շտկվում մոտ մեկ ամսվա ընթացքում, ապա կարելի է մի փոքր փոխել մանկապարտեզ հաճախելու ընթացքը, օրինակ, թողնել կես օրով կամ շաբաթվա ընթացքում մեկ օր դադար տալ:
  • Միշտ կապ պահեք դաստիարակչուհու հետ, ճշտեք ,թե երեխան ինչպես է իրեն զգում օրվա ընթացքում:Նաև ինքներդ տեղեկություն տվեք երեխայի բնավորության և խառնվածքի մասին:
  • Թուլացրեք երեխայի ծանրաբեռնվածությունը: Քանի որ մանկապարտեզ հաճախելը  շատ տպավորություններով լի իրադարձություն է երեխայի համար , ապա մանկապարտեզ հաճախելու սկզբնական շրջանում այլ վառ տպավորություններից կարող եք զերծ մնալ, օրինակ հեռուստացույց դիտելու ժամանակահատվածը, զվարճանքի տղեր գնալը պակասեցրեք և այլն:
  • Որոշ երեխաներ դժվար են հարմարվում օրվա ռիթմի փոփոխություններին: Այդ դեպքում ամեն օր փոքր-ինչ փոխեք օրվա ռեժիմն այնպես, որ այն մոտենա մանկապարտեզային ռեժիմին՝ ամեն օր մի փոքր ավելի շուտ զարթնել . շուտ նախաճաշել, շուտ քնել գիշերը..:
  • Մանկապարտեզից հետո և մանկապարտեզ գնալուց առաջ զրուցեք երեխայի հետ՝ինչպես է անցել նրա օրը կամ մանկապարտեզ գնալուց քննարկեք, թե ինչ պիտի նա անի այնտեղ, ինչ է խաղալու: Հիշեցրեք մանակապարտեզի օրակարգը՝ նախաճաշ, խաղ, բակ,ճաշ, քնելու ժամ և այլն : Նաև դրական բաներ պատմեք մանկապարտեզի մասին:Նշեք ,որ ձեր բալիկը այնքան է մեծացել,որ գնում է մանկապարտեզ և այնտեղ լավ ժամանակ է անց կացնում:
  • Եթե նկատում եք, որ երեխան դժվարանում է շփվել, ապա նրան ուղղորդեք :Նրա հետ քննարկեք ,թե ինչ պիտի անի այս կամ այն իր համար բարդ իրավիճակում:
  • Եվ ամենակարևոր կետերից մեկը՝ երեխայի հետ բաժանման պահը. ինչպես դա անել: Հաճախ ծնողները պարզապես թաքուն դուրս են գալիս, կարծես փախչում են երեխայից : Չեմ կարծում, որ սա ճիշտ է: Երեխային պետք է հրաժեշտ տալ, նույնիսկ եթե նա լացում է և չի ուզում Ձեզ «բաց թողնել»: Որոշ ժամանակ լացելուց հետո , նա անպայման կհանգստանա և օրեցօր ավելի հեշտ Ձեզ «բաց կթողնի»:  Երբ ծնողը առանց երեխային հրաժեշտ տալու գնում է, երեխայի մոտ կարող է ամրապնդվի մանակապրտեզի հանդեպ վատ տրամադրվածությունը, նա կարող է սկսել Ձեզ խանդել Ձեր մնացած գործերին : Միշտ հրաժեշտ տվեք երեխային, ասեք ,թե ուր եք գնում և երբ եք գալու նրա հետևից, պատմեք ,թե ում հետ է նա մնալու և ինչով պետք է  զբաղվի մանակապարտեզում: Պահպանեք հանգիստ ձայնի հնչերանգը: Գրկեք և համբուրեք երեխային: Թող դա դառնա Ձեր ամենօրյա մանկապարտեզային հրաժեշտի ավանդույթը: Այս կերպ Դուք կսովորեցնեք երեխային վստահել Ձեզ և այլ մեծերին: Երեխան հստակ կիմանա,որ մայրիկը պետք է գնա, կիմանա, թե ուր է գնում մայրիկը և երբ կգա: Այս հստակությունը կնվազեցնի երեխայի տագնապը և նա օրեցեօր ավելի ու ավելի հաճույքով կհաճախի մանակապարտեզ:
  • Եթե երեխան ,այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի համարվում, ապա պետք չէ երեխային այսպես ասած կոտրելով տանել: Մտածեք այլընտրանքների մասին՝ խմբակներ,   ավելի կարճ ժամանակահատված ենթադրող փոքր խմբր և այլն: Մանակապարտեզային տարիքը ամենակարևոր տարիքներից է և պետք է շատ ուշադիր լինել երեխայի հակազդումներին: