28Փտր
2017
0
arttherapy

Նկարչաթերապիա

Նկարչաթերապիա հասկացությունը հաճախ ենք լսում:Երբեմն այն նույնացնում են նկարչության ուսուցման հետ:Սակայն նկարչաթերապիան լիովին այլ նպատակ ունի: Նկարչաթերապիան  նկարչության կիրառումն է թերապևտիկ նպատակով: Այն  կիրառվում է բազմազան խնդիրների պարագայում՝

  • հուզական 
  • հաղորդակցման 
  • ներընտանեկան խնդիրներ
  •  հոգեմարմնական խանգարումներ
  • նևրոտիկ խանգարումներ
  • հատուկ կարիքներով երեխաների և մեծահասակների հետ

Նկարչաթերապիա կարելի է  կիրառել երեխաների,դեռահասների և մեծահասակների հետ:

Նյութերը մեծ կարևորություն ունեն արտ թերապիայում, մասնավորապես նկարչաթերապիայում, քանի որ դրանք անմիջականորեն ազդում են գործըթնացի վրա:  Թերապևտի համար կարևոր է պարզել , թե  որ նյութն է հաճախ ընտրում այցելուն և որը ավելի մեծ ազդեցությունն է  ունենում նրա վրա: Այդ պատճառով շատ կարևոր է , որ այցելուն ինքնուրույն,  ազատ ընտրի նյութը: Նկարչաթերապիան կարելի է իրականացնել միայն մատիտներով և թղթով կամ էլ  կիրառել նյութերի մեծ բազմազանություն: Անգլերենում այս երկու տարբերակները ունեն առանձին անվանումներ՝ drawing:Սա նկարչությունն է մատիտներով, չոր պաստելներով, յուղամատիտներով: Այն հնարավորություն է տալիս  ապահով ձևով արտահայտել մտքերը, զգացմունքները , խնդիրները, ցանկությունները : Այս տարբերակում դրսևորվում են թե գիտակցական, թե անգիտակցական կողմերը: Մյուս տեսակը անգլերենում կոչվում է painting` սա ենթադրում է տարբեր ներկերի կիրառումը՝ ակրիլիկ, յուղաներկ, գուաշ, ջրաներկ: Սա ազատ և ինքնաբուխ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս: Այն նաև փորձարկումների մեծ դաշտ է ստեղծում և շատ օգտակար կարող է լինել այն մարդկանց համար,ովքեր ազատության և ճկունության կարիք ունեն:

Նկարչաթերապիա կարելի է կիրառել որպես առանձին մեթոդ կամ արտ թերապևտիկ այլ մեթոդների հետ համատեղ:Շատ տարածված են նկարչաթերապիայի և երաժշտաթերապիայի, հեքիաթաթերապիայի համադրումները:

Նկարչաթերապիայի ընթացքում թեման կարող է առաջարկել  թերապևտը՝ ըստ այցելուի խնդրի: Սակայն այցելուն ևս կարող է որոշել թեման:Եվ երբեմն արդյունավետ է հենց այդ տարբերակը,երբ այցելուին տրվում է ազատ նկարչության հնարավորություն:Սա կարող է տեղեկություն տալ այցելուի համար առավել առաջնային, հուզական հարցերի և խնդիրների վերաբերյալ:

Նկարչաթերապիան ունի նաև  իրականացման որոշակի  փուլեր.

  • Ազատ ակտիվություն մինչ բուն ստեղծագործական պրոցեսին անցնելը: Սա արտ նյութերի հետ զգայական, հուզական, ազատ փորձարկումն է :
  • Ստեղծագործական գործունեության փուլ,որի ընթացքում ստեղծվում է նկարը:
  • Հեռավորության ստեղծում:Այս փուլը ենթադրում է ստեղծածի դիտում, ուսումնասիրում: Այցելուն ընտրում է վայրը, ուր դնում կամ կախում է իր ստեղծագործությունը և սկսում է ուսումնասիրել:
  • «Ի՞նչ ես տեսնում» :Այս փուլում թերապևտը դրդում է այցելուին պատմել իր ստեղծագործության մասին, վերբալիզացնել իր մտքերն ու հույզերը:

 

Կարդացեք նաև պրոյեկտիվ և թերապևտիկ նկարչության՝  http://www.arttherapy.am/թերապևտիկ-և-պրոյեկտիվ-նկարչություն/

 Մարգարեթ Նաումբորգի և սպոնտան նկարչության մասին՝ http://www.arttherapy.am/մարգարեթ-նաումբորգը-և-արտ-թերապիան/ :