03Օգս
2017
0
less_is_more

Որքան քիչ, այնքան շատ կամ մինիմալիստական ծնողավարության մի քանի սկզբունքներ

Մինչ երերխա ունենալը մայրերը գրեթե միշտ/և ես բացառություն չեմ/ երազում են երեխաներին տալ որքան հնարավոր է շատ, ծրագրում են շատ զբաղմունքներ, մտածում են , որ լիքը բան կանեն ու կառնեն իրենց երեխաների համար:

Երևի թե ամեն նոր սերունդի հետ այդ ցանկությունը վերածնվում է .մենք ցանկանում ենք մեր երեխաներին ավելի լավ դաստիարակել, քան մեզ են դաստիարակել: Մենք ցանկանում ենք նրանց ավելի շատ սեր,ավելի շատ հնարավորություն,ավելի շատ խաղալիք,ավելի շատ ուշադրություն տալ:

Եվ այս «շատ»-ի ցանկությունը ,անկասկած, ծնվում է  մեծագույն սիրուց և սպասումից :

Երեխան ծնվում է  և մենք ՝ծնողներս, իսկապես, անկեղծորեն ամեն բան անում ենք ,որ երեխային շատ սիրենք և շատ ուշադիր լինենք նրա հանդեպ:

Սակայն այդ ամենը հազվադեպ  է իրական բավարարվածություն բերում: Գալիս է պահը ,որ  երեխայի կյանքը հագեցնելու մեր ցանկությունը,լինի դա նյութական հագեցում խաղալիքների տեսքով կամ պարզապես մեր անդադար ուշադրությունը և ներգրավվածությունը նրա կյանքում,սկսում է  հոգնեցնել :Փորձելով լինել ամեն ինչ և անել ամեն բան երեխայի համար գալիս է սպառվածության զգացումը: Ու սկսում ես հասկանալ ,որ նման մոտեցման մեջ շատ վախեր են ապրում. եթե ես շատ չզբաղվեմ իմ երեխայի հետ, կարո՞ղ է նա մտածի ,որ իրեն քիչ եմ սիրում և իրեն երջանիկ չզգա, եթե ես երեխայիս կողքին չլինեմ, նրա հետ մի բան կպատահի ….:

Եվ տարօրինակ կերպով մեր ՝ շատ տալու ցանկությունը տալիս է մեզ նվազագույն բավարարվածություն , նվազագույն դրական ապրումներ, նվազագույն հանգստություն և լիցքեր:

Լուծումները տարբեր կարող են լինել այս իրավիճակում և դրանցից մեկը մինիմալիստական մոտեցումն է կյանքին,ինչպես նաև երեխայի դաստիարակությանը:

Մինիմալիզմը ոչ միայն վերաբերում է նյութականին. մինիմալիզմը ենթադրում է կարևորագույնի վրա կենտրոնանալու ունակություն:Մինիմալիզմը նաև ասում է՝ «քիչը շատ է»: Գիտեմ՝ տարօրինակ է հնչում: Բայց, կարծում եմ, ստորև բերված  ծնողավարման մինիմալիստական մի քանի սկզբունքները, կօգնեն հասկալ «քիչը շատ է» արտահայտությունը:

Ավելի քիչ հոգ տարեք երեխայի մասին և թույլ տվեք ,որ նա լիարժեք ապրի:

Մենք հաճախ այնքան ժամանակ և ջանք ենք գործադրում երեխային պաշտպանելու համար, որ մոռանում ենք նրան թույլ տալ ապրել: Երբ մենք չափազանց խնամում ենք մեր երեխային, անընդհատ փորձում ենք ապահովություն սերմանել նրա մեջ, դրանով մենք կարող ենք բացասական ազդեցություն ունենալ երեխայի ինքնավստահության, արտաքին աշխարհին վստահելու կարողության վրա:Դրանով իսկ մեր սեփական անհանգստությունները և վախերը հանձնում ենք երեխային՝ խոչընդոտելով երեխայի անկախությունն ու ինքնուրույնությունը:

Դրա փոխարեն երեխային փորձեք սովորեցնել պատասխանատվություն ստանձնել իր արարքների համար և պահպանեք նրա բնական հետաքրքրասիրությունը աշխարհի հանդեպ:

Ավելի քիչ զբաղացրեք երեխային, և երեխան ավելի շատ կսկսի բացահայտումներ և նորույթներ հայտնաբերել կյանքում:

Երբ մենք երեխային անսահամանափակ զբաղմունքների առաջարկներ ենք անում, երեխան աստիճանաբար կորցնում է ինքնուրույն խաղալու, ինքնուրույն ստեղծելու և ստեղծագործելու ունակությունը:

Թույլ տվեք ,որ երեխան ձանձրանա: Տվեք նրան ազատություն և տարածություն: Դուք կտեսնեք ,որ երեխան այդ պարագայում կսկսի նորանոր զբաղմունքներ ունենալ և նորանոր ստեղծագործական գաղափարներ կծնվեն նրա գլխում:

Ավելի քիչ ծրագրեք, կազմեք օրակարգեր և երեխան ավելի շատ կհանգստանա:

Մենք հաճախ հանգիստը համարում ենք շքեղություն ինքներս մեզ համար, հաճախ ասում ենք «ես ժամանակ չունեմ հանգստի համար»: Այս ապրելակերպը փոխանցվում է նաև մեր երեխաներին: Իսկ իրականությունն այն է,որ թե՛ մեր , թե՛ մեր երեխաների մարմինները, միտքը կարիք ունեն հանգստի՝ հոգեկան և ֆիզիկական բարեկեցությունը պահպանելու համար:

Դարձրեք հանգիստը առաջնայնություն և ոչ բացառիկ մի բան: Քանի որ մեր առողջությունը նաև կախված է դրանց:

Ավելի քիչ քննադատեք, և երեխան ավելի շատ կսկսի իր խնդիրները ինքնուրույն լուծել:

Երբ երեխան հայտնվում է նոր որոշակիորեն բարդ իրավիճակում ,մենք հաճախ ներխուժում ենք այդ իրավիճակի մեջ և ասում ,թե ինչ պետք է անի երեխան: Ավելի հեշտ է քննադատել կամ խորհուրդ տալ ,քան սպասել և կողքից դիտել, թե ինչպես են երեխաները միմյանց հայտնում իրենց անհամաձայնությունը: Ավելի հեշտ է  երեխային օգնել, քան  մի փոքր սպասել, մինչև երեխան կկարողանա իր շորերը ինքնուրույն հագնել: Այո, ավելի հեշտ է, քանի որ մենք շտապում ենք, մենք ուզում ենք ,որ երեխան հանգիստ խաղա և այլն: Մենք մոռանում ենք ,որ երեխան պետք է իր սեփական փորձառությունը ապրի և ունենա, որպեսզի կարողանա իր խնդիրները լուծել: Մենք, իհարկե, կարող ենք մեր կարծիքը ասել, բայց դա ավելի ճիշտ  է անել պրոբլեմատիկ իրավիճակից հետո:

Թույլ տվեք ,որ երեխաները ունենան խնդիրները լուծելու իրենց փորձառությունը:

Ավելի քիչ գնեք, և երեխան ավելի շատ կփնտրի:

Հոգեբանական հետազոտությունների համաձայն տան խառնաշփոթը և շատ իրերը սթրեսի և անհանգստության պատճառ կարող են դառնալ: Մենք հաճախ բարկանում ենք մեր երեխայի վրա, որ իր սենյակը թափթփված է: Իսկ ճշմարտությունն այն է,որ որքան քիչ իր ունենանք, այնքան ավելի հեշտ կլինի պահպանել կարգուկանոնը:

Երեխաների վրա դրական ազդեցություն են ունենում ոչ թե իրերը, խաղերը և խաղալիքները , այլ ընտանիքի համախմբվածությունը, միասնականությունը, համատեղ ժամանցը: Որքան երեխաների համար քիչ իրեր գնենք, այնքան նրանք կկարողանան կենտրոնանալ կարևորի վրա և կլինեն ստեղծագործ: