25Մյս
2018
0
angrychild

Չեմուզումիկներ

Յուրաքանչյուր ծնող վաղ թե ուշ բախվում է երեխայի դիմադրությանը, հակառակվելուն և «չեմ ուզումիկներ»-ին: Շատերին ծանոթ կլինի այն իրավիճակը,երբ կարծես ամեն բան երեխայի ուզածով է ,բայց  երեխան կամակորություն է անում, հակառակվում է մեծերին: Եվ հաճախ ծնողները իրենց բացարձակ անզոր կարող են զգալ այս իրավիճակում: Երեխայի այս հակառակվելու միտումը կոչվում է նեգատիվիզմ:

Նեգատիվիզմը երեխայի հակառակվելու միտումն է ՝ուղղված  մեծերի խոսքի, առաջարկի, պահանջի դեմ:

Երեխան կարող է հակառակվել  կյանքի տարբեր դրվածքների, իր հանդեպ մեծերի և երեխաների վերաբերմունքի դեմ: Ընդ որում,  իրավիճակը կարող է շատ դրական լինել, բայց երեխան առանց ակնհայտ, համենայն դեպս մեծերի համար ,օբյեկտիվ  պատճառների հակառակվում է:

Երբեմն նեգատիվիզմի տակ թաքնվում են երեխայի վախերը և տագնապները, սխալվելու վախը և այլն: Երբեմն երեխան նեգատիվիզմի միջոցով հակազդում է իր կյանքի բարդություններին՝ փոքր քույր-եղբոր ծնունդ, ծնողների ամուսնալուծություն, նոր միջավայր՝ մանկապարտեզ և այլն:

Նեգատիվիզմը հաճախ երեխայի հակազդումն է  չբավարարված որևէ պահանջմունքին:

Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ նեգատիվիզմի ժամանակ երեխան անում է ճիշտ հակառակ բանը,ինչ ծնողները պահանջում են: Իսկ պասիվ նեգատիվիզմի պարագայում երեխան կարծես չի լսում այն,ինչ ասում, խնդրում  կամ պահանջում են ծնողները:

 

Ի՞նչ կարելի է անել փոքրիկ նեգատիվիստի հետ

Առաջին հերթին պետք է փորձել լսել, հասկանալ երեխային և նրա պահանջմունքները: Պետք է ուշադիր լինել և սեփական ցանկությունները և պահանջմունքները չվերագրել երեխային: Հասկացեք ՝ ինչ է ուզում երեխան և հնարավորինս աջակցեք նրան:

Նեգատիվիզմը տարիքային և անցողիկ երևույթ է: Սակայն սխալ ծնողավարման պարագայում,երբ  ծնողները շատ խիստ են, ճնշում են երեխային, նեգատիվիզմը կարող է ամրապնդվել երեխայի մոտ և դառնալ բնավորության գիծ:

Նեգատիվիզմը սրվում է հատկապես ճգնաժամային տարքներում՝ երեք տարեկան, յոթ տարեկան, դեռահասություն: Եվ այստեղ պետք է հասկանալ ,որ երեխայի հակառակվելու միտումը արտահայտում է ոչ այնքան  այն, որ երեխան չի ցանկանում ծնողի խնդրանքը կատարել, այլ ավելի շատ ուղղված է երեխայի ինքնուրույնությանը: Երեխան այդ կերպ փորձում է ինքնուրույն և անկախ դառնալ: Եվ դա , անշուշտ , հարկավոր է խրախուսել:Ծնողները պետք է ցուցաբերեն ճկունություն ՝ խստության և ճնշման փոխարեն:

Եվ վերջում մի քանի խորհուրդ.

  • Երեխան պետք է ունենա ոչ միայն պարտականություններ, այլև իրավունքներ
  • Կանոնները պետք է հասկանալի լինեն երեխայի համար
  • Պահանջները և հիշեցումները պետք է հանգիստ և հստակ ասել երեխային: Ծնողի նյարդայնությունը և բարկությունը միմիայն կսրեն երեխայի նեգատիվիզմը:
  • Երեխային տվեք ընտրության հնարավորություն: Օրինակ, «Ուզում ես այսօր բակ իջնել ,թե այգի գնալ զբոսնելու»:
  • Երբ երեխան հակառակվում է , ասում է ոչ , պետք չէ բարկանալ: Ուշադիր լսեք նրա ցանկությունը,ճշտեք արդյոք ճիշտ եք նրան հասկացել:Եվ վերջում ասեք ձեր կարծիքը: Այս ամենը հանգիստ և հստակ ձայնի հնչերանգով:
  • Ուշադրություն դարձրեք որքան եք ասում «չի կարելի»: Պակասեցրեք  «չի կարելիները»: Խոսքում ավելի շատ դրական դիրքորոշում արտահայտող բառեր ավելացրեք՝ «այո», «կարող ես»,«իհարկե»: Օրինակ, «Մենք չենք կարող նկարել հատակին, բայց կարող ենք նկարել թղթին»:
  • Խաղ և հումոր: Երբեմն լարված պահերին կարող է օգնել հակառակը ասելու հնարը: Երբ ծնողը ասում է երեխայից ակնկալվող վարքի հակառակ տարբերակը:Իսկ երեխան, հակառակվելով ծնողի խոսքին , անում է այն, ինչ իրականում պետք է :Օրինակ, «Հանկարծ չուտես ճաշդ»: Եվ երեխան մի ակնթարթում սկսում է ախորժակով ճաշ ուտել:
  • Խրախուսեք երեխայի ակտիվությունը , ինքնուրույնությունը, հետաքրքրասիրությունը:Տվեք նրան այնպիսի առաջադրանքներ,որոնք նա կարող է հաղթահարել:
  • Պահեք օրագիր,որտեղ գրի կառնեք երեխայի վարքը և ձեր հակազդումները: Օրագիրը կօգնի կողքից նայել իրավիճակին ,հասկանալ երեխայի վարքի պատճառները և ճիշտ որոշում կայացնել: