29Մյս
2018
0
boundaries

Սահմանների մասին

Սահմանների հարցը յուրաքանչյուր հարաբերությունների կարևորագույն մասն է: Մենք հաճախ չենք գիտակցում այդ սահմանները, դրանք կամ չափազանց խիստ ենք սահմանում կամ գրեթե չենք զգում: Երկու դեպքում էլ հարաբերությունները վտանգվում են:

Շատերի համար «այո» կամ «ոչ» ասելը կարող է լուրջ մարտահրավեր լինել:

Հատկապես, եթե անձը մեծացել է միջավայրում,որտեղ եղել է ֆիզիկական, հուզական, սեռական բռնություն կամ մերժվածություն: Այդ անձանց համար լուրջ խնդիր կարող է լինել «ոչ» ասելը:

Այստեղ կխոսենք արտ թերապևտիկ տեխնիկայի մասին,որն օգնում է  սահմանել և ստեղծել առողջ սահմաններ:Այն օգնում է գիտակցել առողջ սահմանների կարևորությունը, դիտարկել ինչպիսին են դրանք, ինչպես են գործում և ինչպես կյանքի կոչել դրանք:

Եվ այսպես, Ձեզ հարկավոր կլինեն

  • Սպիտակ թուղթ
  • Գունավոր մատիտներ կամ յուղամատիտներ

Ընթացքը

1.Այցելուի հետ քննարկեք սահմանները ՝ հարաբերություններում, աշխատանքում, ժամանակի, առողջության , գումարի ոլորտներում:  Պետք է հաշվի առնել,որ սահմանները ըստ ճկունության լինում են երեք տեսակի.

  • Կարծր սահմաններ, երբ անձը իրեն լիովին փակում է արտաքին աշխարհից՝ ասելով «ոչ» թե՛ լավ, թե՛ վատ բաներին:Այսպիսի անձինք իրենց զգում են միայնակ և մեկուսացված:
  • Թույլ սահմաններ, երբ անձը չի կարողանում ասել «ոչ», փոխարենը ասում է «այո» նույնիսկ այն իրավիճակներում,որտեղ համաձայն չէ: Այս անձինք մտածում են, որ իրենք կարծիք, անհամաձայնություն արտահայտելու իրավունք չունեն կամ  մտածում են որ «ոչ» ասելով կնեղացնեն դիմացինին:
  • Առողջ սահմաններ, երբ անձը հստակ գիտակցում է իր պահանջմունքները և ասում է «այո» այն ամենին,ինչը իրեն երջանկություն և ուրախություն է բերում և ասում է «ոչ» այն ամենին, ինչը տխրեցնում է:

 

2.Այցելուի հետ քննարկեք ինչպիսին են իր սահմանները:

3.Առաջարկեք այցելուին նկարել իր սահմանները կյանքի այս փուլում:

4.Քննարկեք ստացված նկարը՝ սիմվոլների, գույների նշանակությունը:

5.Առաջարկեք անել ևս մեկ նկար,որտեղ այցելուն կպատկերի թե ինչպիսին կուզեր ,որ իր սահմանները լինեին:

6.Քննարկեք,թե ինչ գործողություններ է հարկավոր ձեռնարկել ցանկալի սահմանները սահմանելու և հաստատելու համար: