03Ապր
2017
0
Image

Ստեղծարան

Միջավայրը կարևոր է ցանկացած գործում:Դա այդպես է նաև արվեստի և ստեղծագործելու պարագայում: Արվեստի միջավայր կարելի է ստեղծել ինչպես տան պայմաններում, այնպես էլ ունենալ հատուկ տարածք դրա համար աշխատավայրում, եթե աշխատում եք երեխաների հետ: Բայց  եթե տանը կա երեխա, թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար շատ ավելի հարմար կլինի ունենալ առանձին , թեկուզ և փոքրիկ տեղ ստեղծագործելու համար: Այդ տարածքում պետք է լինեն ստեղծագործելու համար բոլոր անհրաժեշտ նյութերը: Այսպիսի տարածքը տան մեջ հնարավորություն կտա երեխային գնալ այնտեղ այն ժամանակ,երբ նա ցանկանում է ստեղծագործել և ազատ զգալ իրեն իր ստաղծագործ աշխարհում:

Ահա որոշ պարզ ձևեր երեխաների համար ստեղծագործ տարածք ստեղծելու համար: Ես այն անվանում եմ ստեղծարան:

  • Եվ այսպես, ի՞նչպիսին պետք է լինի ստեղծարանը /ստեղծագործելու համար նախատեսված տարածքը/: Եթե Դուք համաձայնվել եք երեխային նման տարածք տրամադրել, ապա նախ և առաջ պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ այնտեղ ամեն բան կոկիկ և մաքուր չի լինելու: Դա այն տարածքն է,ուր երեխան ազատ է լինելու և չի վախենալու գետնին ներկ թափել կամ եթե ստեղծագործական եռանդի մեջ պատահաբար պատին մի կաթիլ ներկ ընկնի, դա նույնպես նրա և Ձեր համար խնդիր չի լինելու: Ամենաբարդ հարցը ՝ որտեղ կազմակերպել այս ամենը: Եթե Դուք սեփական տանն եք ապրում, հարցը հեշտանում է , քանի որ այդ դեպքում ստեղծարանը կարող է լինել բակում, կից ավտոտնակում: Բայց եթե դուք ապրում եք բնակարանում, ապա պետք է լավ մտածեք : Այս դեպքում կարող եք խոհանոցում որևէ տեղ հատկացնել երեխային/ քանի որ խոհանոցը ավելի հեշտ մաքրվող տարածք է /, փակ պատշգամբում կամ երեխայի սենյակում՝ որոշակի կերպով առանձնացնելով սենյակը ստեղծարանից կահույքի օգնությամբ կամ այլ եղանակով:
  • Հարկավոր կլինի որևէ սեղան, որի վրա կդրվեն թղթերը և մնացած նյութերը:Եթե ունեք մանկական մոլբերտ կամ գրատախտակ,որի վրա նկարում է երեխան, կամ որին կարելի է փակցնել թուղթը ՝ օգտագործելով այն որպես մոլբերտ, ապա , բնականաբար, այն նույնպես պետք է լինի այստեղ:
  • Բացի սեղանից հարկավոր կլինի նաև որևէ տուփ կամ զամբյուղ,որի մեջ կպահվեն նյութերը և որը հասանելի կլինի երեխային:
  • Արտ ստուդիո—սա,իհարկե, երազանք է այն ծնողների համար, ովքեր կարևորում են արվեստի դերը երեխայի զարգացման գործում և ընդհանրապես կյանքում: Եթե ունեք ավելորդ սենյակ/ հասկանում եմ ,որ քչերի մոտ կլինի նման հնարավորություն/, բայց այնուամենայնիվ, եթե կա այդպիսինը, ապա դարձրեք այն ստեղծարան, մի վայր, որտեղ երեխան կստեղծագործի, և բացի դա կուսումնասիրի, կանի փորձարկումներ, կկարդա իր գրքերը: Դա , եթե կուզեք, նման է աշխատասենյակի մեծերի համար: Իսկ ո՞վ ասաց, որ երեխաներն աշխատասենյակի կարիք չունեն:
  • Հիմա անցնենք նյութերին.Ի՞նչ է հարկավոր ունենալ ստեղծարանում: Դա առաջին հերթին կախված է երեխայի տարիքից,նախասիրություններից և ձեզանից: Երեխայի զարգացմանը զուգընթաց ստեղծագործելու նյութերն էլ կշատանան: 1-2 տարեկանների համար կարելի է առանձնացնել թղթեր, գունավոր ստվարաթուղթ կամ թուղթ՝ գույների ճանաչման համար, յուղամատիտներ, որոնք հարմար կլինեն այդ տարիքի երեխաներին, կավիճներ՝ դրսում նկարելու համար: Բնականաբար, այս տարիքի երեխաները պետք է լինեն մեծահասակի հսկողության տակ,քանի որ յուղամատիտները և թղթերը կարող են շատ գրավիչ թվալ երեխային համտեսելու համար:Երկուսից բարձ երեխաների համար, այսինքն նախադպրոցականների համար նյութերը ավելի բազմազան են դառնում ՝ ջրաներկեր, գուաշներ, մատիկների ներկեր, մկրատներ,սոսինձ կոլաժի համար տարբեր նյութեր:Եվ նորից այս ամենը մեծահասակի հսկողության տակ: Դուք կարող եք ընտրել այն,ինչ կհամարեք առավել կարևոր և անհրաժեշտ Ձեր երեխայի համար:

Բնական է ,որ ստեղծարանը վայր է ,որն անընդհատ փոփոխվում  և հարստանում է : Ժամանակ առ ժամանակ այն պետք է փոփոխել ՝ խրախուսելով երեխաների բազմազան մոտեցումը արվեստին: